Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր` մարտի 2-ին, Գարեգին Բ-ն ընդունել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ քննարկել նոր գյուղատնտեսական տարին Սուրբ Էջմիածնի օրհնությամբ սկսելու նախաձեռնությունը:

Գարեգին Բ-ն գոհունակությամբ անդրադառնալով Եկեղեցու եւ նախարարության միջեւ առկա համագործակցությանը` նա ընդգծել է, որ հայ գյուղացին մշտապես աղոթքով է հերկել իր արտն ու բերքահավաք կատարել` իր կյանքը շաղախելով Աստծու օրհնությամբ: Նորին սրբությունը վստահություն է հայտնել, որ ձեւավորված համագործակցությունն իր բարի արգասիքները կտա եւ կնպաստի ժողովրդի հավատի զորացմանը, օրհնաբեր բարի ավանդույթների վերականգնմանը:

Իր խոսքում Գարեգին Բ-ն նաեւ նշել է, որ գյուղատնտեսական ոլորտում կատարվող աշխատանքն ազգանվեր ու ազգաշեն գործ է, որը պիտի ուղղված լինի հայ գյուղացու աշխատանքի արդյունավորմանը եւ այդպիսով` հայրենիքի շենությանն ու բարգավաճմանը: Գարեգին Բ-ն հորդորել է առավել չափով միջոցներ ձեռնարկել, որ հայ գյուղացու կյանքն ավելի բարելավվի, ուրախությամբ մշակելով հողը` գյուղացին տեսնի իր աշխատանքի պտուղները եւ կապված մնա իր հողին, ինչը երկրի անվտանգության, զորացման ու առաջընթացի կարեւորագույն գրավականներից մեկն է:

Սերգո Կարապետյանը ներկայացրել է նաեւ նախարարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ձեռնարկները, արձանագրված արդյունքները եւ նախանշված ծրագրերը: Նախարարն իր խոսքում նշել է, որ թեեւ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացին, նախարարությունը չի բավարարվելու ձեռք բերված արդյունքներով, եւ հավաստիացրել, որ այդ ուղղությամբ շարունակելու են ամեն ջանք ու եռանդ ներդրվել:

Հանդիպման ավարտին Կաթողիկոսը մաղթել է շարունակել ամենայն ջանադրությամբ, նվիրումով եւ նախանձախնդրությամբ իրենց ծառայությունը մատուցել ժողովրդին եւ Հայրենիքին: