Հասարակական մի շարք կազմակերպություններ նամակով դիմել են Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Երեւանի գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին` Մաշտոցի պուրակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների եւ երկրի էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ:

Նամակում մասնավորապես ասվում է. «ԵԱՀԿ-ի գործունեության հիմնական սկզբունքներից են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգումը, միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարումը: 2000 թվականին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հիմնադրման նպատակն է եղել աջակցել Հայաստանին զարգացման տարբեր բնագավառներում, այդ թվում` օրենսդրական բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության հզորացմանը: ԵԱՀԿ գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից է շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Չնայած երկար տարիներ Հայաստանի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացվող բարեփոխման ծրագրերին` վերջին շրջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող անօրինականություններն ու բռնությունները անհրաժեշտություն են առաջացրել, որպեսզի ԵԱՀԿ գրասենյակի կողմից լավ կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների եւ ներդրված ֆինանսական միջոցների արդյունավետությունը վերագնահատվի:

ԵԱՀԿ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկի` շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես ձեւակերպել է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն` Հայաստանը ձախողել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Թեղուտի հիմնախնդրի շուրջ ժողովրդավարական կառավարման մեխանիզմների, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման կատարյալ ձախողումը շարունակվում է մինչ օրս: 

Մեծարգո դեսպան, ակնկալում ենք, որ Դուք առավել հետեւողական կլինեք Հայաստանում ԵԱՀԿ-ի իրականացրած ծրագրերի արդյունավետությունն ապահովելու համար` նպատակ ունենալով կենսագործել ԵԱՀԿ մանդատից բխող առաքելությունը` ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության եւ շրջակա միջավայրի պահպանության գործում:

Նամակը ստորագրել են «Թեղուտի պաշտպանության», «Մենք ենք այս քաղաքի տերը» եւ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունները: