Հայաստանում գործող երեք բնապահպանական նախաձեռնություններ նամակով դիմել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող

Դաֆինա Գերչեւային, որտեղ անդրադառնում են Մաշտոցի պուրակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների եւ երկրի էկոլոգիական հիմնախնդիրներին:

Նամակում ասվում է.

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր մանդատի ուժով, ի թիվս այլնի, ամրապնդում է ժողովրդավար կառավարումը` հաշվետվողականությունը բարելավելու, կառուցակարգերի եւ կարողությունների զարգացումը խթանելու եւ հանրության մասնակցությունն ընդլայնելու ճանապարհով: Շրջակա միջավայրերի եւ աղետների ռիսկերի կրճատումը ներառվում է զարգացման ազգային եւ տեղական հայեցակարգերի եւ ծրագրերի մեջ:

Սկսած 1993 թվականից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվում են ժողովրդավարական կառավարման, շրջակա միջավայրի անվտանգությանը եւ սոցիալական-տնտեսական կայունությանը, քաղաքացիների առողջության ու բարեկեցության բարելավմանն ուղղված միջոցառումներ: Այդ ընթացքում ծախսվել ու ծախսվում են հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք պետք է ունենային երկրում ժողովրդավարական հաստատությունների զարգացման, շրջակա միջավայրի վիճակի բարելավման տեսանելի արդյունքներ:

Շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը, որի շրջանակներում, ինչպես ձեւակերպել է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն` Հայաստանը ձախողել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Թեղուտի հիմնախնդրի շուրջ ժողովրդավարական կառավարման մեխանիզմների, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման կատարյալ ձախողումը շարունակվում է մինչ օրս:  

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաեւ Երեւանի Մաշտոցի պուրակում մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա: Ոստիկանության աշխատակիցները բազմիցս, հատկապես` պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում, դուրս են եկել օրենքով թույլատրելի սահմաններից` ոտնահարելով միջոցառման մասնակիցների հիմնական իրավունքները: Այդ մասին հանգամանալից ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ, իսկ որոշ դեպքերի առնչությամբ դատախազությանը հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին:

Մենք բարձր ենք գնահատում Մշտական համակարգողի գրասենյակի գործունեությունը, որը ներառում է ՄԱԿ-ի համակարգի բոլոր կազմակերպությունները: ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր վրա է կրում ՄԱԿ-ի համակարգի զարգացման համար օպերատիվ գործունեության պատասխանատվությունը, լիազորված է իրականացնել կենտրոնացված ռազմավարական ծրագիր, որն ուղղված է ՄԱԿ-ի համակարգի տարբեր կառույցների զարգացմանը եւ նպաստում է ՄԱԿ-ի համակարգի ռեսուրսների համախմբմանը` լրացնելու այն բոլոր բացթողումները, որոնք կարող են ի հայտ գալ ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրերում: ՄԱԿ-ի գրասենյակն արդեն երկար ժամանակ է, ինչ տարբեր ծրագրեր է իրականացնում պետական տարբեր մարմինների հետ` ուղղված ժողովրդավարական ինստիտուտների բարելավմանը: Այնուհանդերձ, նամակում նշված հիմնախնդիրները վկայում են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների եւ կառավարման համակարգի անթույլատրելի ցածր մակարդակի մասին: Ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ է առավել հետեւողական լինել Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ապահովելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է ժողովրդավարական կառավարման, միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության եւ շրջակա միջավայրի պահպանության` ՄԱԿ-ի մանդատից բխող առաքելության լիարժեք եւ արդյունավետ կենսագործմանը:

Առաջարկությունների կամ հարցադրումների համար կարող եք կապվել հետեւյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]»:

Նամակը ստորագրել են հետեւյալ կազմակերպությունները`

«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն