Ականների վտանգի մասին իրազեկման եւ հակաականային գործունեության  միջազգային օրվա կապակցությամբ՝ ապրիլի 4-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դարձյալ կոչ է անում գործունեություն ծավալել վերջ դնելու համար որոշ մահաբեր զենքերի օգտագործման հետեւանքով առաջացած տառապանքներին։

«Միջազգային հանրությունը պետք է շարունակի գործել այնքան ժամանակ, որքան մարդիկ շարունակում են սպանվել՝ ականներից, կասետային զինամթերքից եւ պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից»,- ասել է ԿԽՄԿ-ի գլխավոր քարտուղար Իվ Դակորը եւ հավելել. «Ավելի մեծ ջանքեր է հարկավոր գործադրել` վերացնելու ականները, կասետային զինամթերքը, ինչպես նաեւ պայթյունավտանգ ու լքված այլ զինամթերք։ Հակահետեւակային ականների եւ կասետային զինամթերքի օգտագործումը նույնպես պետք է դադարեցվի»։

ԿԽՄԿ-ի գլխավոր քարտուղարը  ցավով նշել է, որ ականները եւ այլ պայթյունավտանգ զինամթերքը ոչ միայն անցյալ պատերազմների ժառանգություն են, այլեւ վերջին տարիների հակամարտություններից բխող վտանգ։ Հայաստանում, օրինակ Ղարաբաղյան հակամարտության զինադադարից տասնութ տարի անց դեռեւս կան ականներից եւ պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից տուժած համայնքներ։ Գնահատելու համար ականներից եւ ՊՊՄ-ից տուժած անձանց եւ նրանց ընտանիքների կարիքները ԿԽՄԿ-ն՝ Հայկական կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ մեկնարկել է մի ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է հավաքել եւ համակարգել տուժածների մասին տեղեկությունները։

«Չնայած այն բանին, որ իրավական դաշտի առկայությունն ինքնըստինքյան զգալի նվաճում է, անհրաժեշտ են նաեւ էական ներդրումներ՝ մարդասիրական նպատակներն իրականացնելու համար»,- ասում է պն Դակորը։ Մասնավորապես, իրական կարիք կա ուժեղացնելու օժանդակությունը ականներից եւ պատերազմի այլ մահաբեր մնացորդներից տուժածներին։ Նրանք ամբողջ կյանքի ընթացքում բուժօգնության, առողջության վերականգնողական եւ հոգեբանական աջակցության կարիք են ունենալու, ինչպես նաեւ օժանդակություն՝ կյանքում իրենց տեղը կրկին գտնելու համար։

Այս տարի կլրանա 1997 թ.-ին ընդունված Հակահետեւակային ականների մասին կոնվենցիայի 15 տարին։ Պայմանագրին միացել է 159 պետություն, որոնցից առնվազն 35-ը դեռեւս ունեն ականազերծման պարտավորություններ։  2003թ.-ին ընդունված Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների մասին արձանագրությանը միացել է 76 պետություն։ Կասետային զինամթերքի մասին կոնվենցիային միացել է 70 պետություն, եւ եւս 41 պետություն ստորագրել են այն։