«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նախօրեին հայտարարել է, որ Դաշնակցության համար ընդունելի չէ ռեյտինգային ընտրակարգի վերանայման «Ծառուկյան» դաշինքի մոտեցումը: Դաշնակցությունն այդպիսով, փաստորեն, տարածություն է սահմանում իր ու «Ծառուկյան» դաշինքի միջեւ՝ ցույց տալով, որ խոսք չի կարող լինել համատեղ ճակատի մասին: Դաշնակցության այդ մոտեցման շարժառիթները կարող են բազմազան լինել:

Մի կողմից ՀՅԴ-ն փորձում է ՀՀԿ-ին հավաստիացնել, որ խոսք չկա որեւէ լայն «դավադրության» մասին, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն իր խոսնակի միջոցով ակնարկեց լարվածությունը գեներացնելու դեպքում ՀՅԴ հետ կոալիցիոն համաձայնագիրը վերանայելու մասին: Մյուս կողմից՝ Դաշնակցությունն, ըստ երեւույթին, չի ցանկանում «Ծառուկյան» դաշինքին էլ «բաժնետեր» դարձնել ՀՀԿ հետ իր, այսպես ասած, քննարկումներում կամ հարաբերությունների պարզաբանման ճշգրտման գործընթացում:

Խոշոր հաշվով, նույնն է անում ՀՀԿ-ի հետ նաեւ «Ծառուկյան» դաշինքը, եւ այստեղ ակնհայտ է, որ արդեն իսկ բուն խնդիրը նույնիսկ ոչ այնքան 2018-ի ապրիլն ու վարչապետի խնդրի հանգուցալուծումն է, որքան 2022 թվականի խորհրդարանի ընտրության «քարտեզագրումը»: Սակայն հենց այդ հանգամանքը «Ծառուկյան» դաշինքը ՀՅԴ համար դարձնում է մրցակից: Եվ այստեղ, իհարկե, Դաշնակցությունը հայտնվում է երկիմաստ վիճակում:

Մի կողմից «Ծառուկյան» դաշինքի հետ գործակցված խաղը ՀՀԿ-ի վրա ավելի մեծ ճնշում կլինի եւ կմեծացնի ռեյտինգային ընտրակարգի հարցում ՀՀԿ-ի փոխզիջման գնալու հավանականությունը, մյուս կողմից, սակայն, «Ծառուկյան» դաշինքը այնքան խոշոր խաղացող է, որ կարող է ոչ միայն դափնիների ամենամեծ բաժինը վերցնել, այլ նույնիսկ խժռել նաեւ ՀՅԴ հասանելիք դափնիները՝ ի վերջո խաղից դուրս թողնելով ՀՅԴ-ին:

Այդ պատճառով Դաշնակցության համար գուցե ավելի նպատակահարմար է ՀՀԿ-ին փոխզիջման բերելու նվազագույն շանսով գործընթացը, քան փոխզիջման դեպքում հաջողության առավելագույն մասը «Ծառուկյան» դաշինքին թողնելու ռիսկով գործընթացը: Արմեն Ռուստամյանի հայտարարությունը՝ «Ծառուկյան» դաշինքի մոտեցմանը համաձայն չլինելու մասին, Դաշնակցության ընտրությունն է առաջին տարբերակի օգտին:

Կգնահատի՞ ՀՀԿ-ն այդ ընտրությունը:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ պատրաստ են քննարկել հարցը, բայց երբ առաջանա նպատակահարմարությունը: ՀՀԿ-ի համար ընտրակարգի հարցն անխուսափելիորեն դառնալու է օրակարգային, երբ առավել կորոշակիանան 2022 թվականի նախընտրական ցուցակի հավակնորդ խմբերն ու դրանց ուժային հարաբերակցությունը:

Այդ ժամանակ պարզ կլինի, թե կուսակցության որ թեւի համար է նպատակահարմար ընտրակարգի վերանայումը եւ խաղի այնպիսի կանոնների սահմանումը, թեկուզ նրբերանգային փոփոխություններով, որոնք կմեծացնեն տվյալ թեւի հաջողության հավանականությունը եւ խնդիրներ կստեղծեն մյուս թեւի կամ խմբի համար: Քանի դեռ այդ ամենը պարզ չէ, ՀՀԿ-ն չի կարող այլ պատասխան ունենալ ՀՅԴ-ի համար: Դաշնակցության համար թերեւս բավարար է այս փուլի այդ պատասխանը, ինչի մասին վկայում է Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե շտապելու կարիք չկա եւ ավելի լավ է դանդաղ գնալ ու տեղ հասնել, քան շտապել ու ձախողվել:

Այսինքն՝ ՀՅԴ-ն համաձայն է սպասել, պարզապես փորձում էր ճշգրտել, թե կա՞ արդյոք սպասելու իմաստ: ՀՀԿ-ն հաղորդեց, որ իմաստ կա, որից հետո էլ Դաշնակցությունը հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի մոտեցման հետ համաձայն չլինելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում