«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի՝ մարտի 11–ին, համայնքապետի ընտրություններ տեղի կունենան 14 համայնքներում: Մեկնարկած քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել, սակայն այդ քարոզարշավը քարոզարշավ անվանելը, մեղմ ասած, ավելորդ է: Բանն այն է, որ այդ 14 համայնքներից 12–ում մեկական թեկնածու կա: Այսպես կոչված մրցակիցներն ընթացքում աստիճանաբար «մաղվել» են՝ ինքնաբացարկ հայտարարել կամ հետ վերցրել թղթերը:

Համայնքները, որտեղ մեկից ավելի թեկնածու կա, Լոռու մարզի Դեբետն է, որտեղ չորս թեկնածու կա, այդ թվում՝ գյուղի դպրոցի ուսուցիչն ու մշակույթի տան տնօրենը, եւ Արարատի մարզի Նորամարգը, որտեղ երեք թեկնածու կա, որոնցից մեկը կրկին ուսուցիչ է, մեկն էլ՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ:

Արագածոտնի մարզի Դդմասար համայնքի ղեկավար Ռաշիդ Օսեյանը, ով արդեն չորրորդ անգամ է մասնակցում ընտրություններին որպես թեկնածու, «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ առաջադրվել է միայն այն պատճառով, որ գյուղը ամիսներ անց խոշորացվելու է: Սա մի քանի ամիսների աշխատանք է լինելու իր համար, հակառակ դեպքում՝ չէր առաջադրվի:

Նա նույնպես մնացել է առանց մրցակից: Սկզբից առաջադրվել էր նաեւ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, անկուսակցական Ռուբիկ Սադոյանը, ով, սակայն, որոշ ժամանակ անց փոշմանել էր եւ ինքնաբացարկ հայտարարել:

«Պետք է պարտադիր երկու հոգի առաջադրվեր, ինքը հրաժարական տվեց: Ես էի ուզում հրաժարական տալ, բայց նա չհամաձայնվեց: Քանի որ ես երկար եմ աշխատել, ինքը չհամաձայնվեց իմ որոշման հետ»,– ասաց գյուղապետը: Դիտարկմանը, թե կարող էիք երկուսով միաժամանակ թեկնածու մնալ, եւ արդեն համագյուղացիները կորոշեին՝ ով է լինելու գյուղապետ, Օսեյանը պատասխանեց. «Այո՛, բայց դե չէինք ուզում, որ հարեւանների համար լավ ու վատ լինենք, դրա համար ուզում էինք մեկը լիներ»:

Ռաշիդ Օսեյանը գյուղը ղեկավարում է դեռեւս 2003 թ.՝ արդեն 15 տարի: Հարցին, թե չի՞ հոգնել այդ աշխատանքից, գյուղապետը պատասխանեց, թե, ճիշտն ասած, հոգնել է արդեն, բայց քանի որ մի քանի ամիս անց խոշորացում է լինելու, որոշեց թեկնածությունը դնել:

Խոշորացմանը ինչպես է նայում հարցին պատասխանեց, որ դա կառավարությունն է որոշում: Իսկ թե գյուղացիները ինչպես կքվեարկեն հարցն էլ անպատասխան թողեց՝ նշելով, թե՝ համայնքը գիտի: «Այսքան տարի, որ աշխատել եմ, շատ լավ եմ եղել համայնքի բնակիչների հետ: Ինչքան ընտրություն է եղել, ոչ մի անգամ դեմ չեն եղել: Եղել է, որ 2 կամ 3 հոգով ենք եղել, բայց ձայնն ինձ են տվել»,– հավելեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում