«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը փորձում է հնարավորինս գաղտնի պահել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Շվեյցարիա եւ Ղազախստան այցերի համար պետական բյուջեից հատկացված գումարի ամբողջական չափը: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու չարտերային չվերթներով իրականացված այս այցերին: Եւ ահա, մեր գրավոր հարցմանն ի պատասխան` կառավարությունից տեղեկացրել են, որ Շվեյցարիայում ՀՀ պատվիրակության` կառավարության աշխատակազմը ներկայացնող անդամների ծախսերի համար բյուջեի` արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից հատկացվել է 6,7 մլն դրամ:

Իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար բյուջեից ծախսվել է 1,1 մլն դրամ: Անձամբ վարչապետի ծախսերի մասին կառավարությունից չեն հայտնում` պատճառաբանելով, թե արարողակարգային, կեցության, տրանսպորտային սպասարկման ծախսերը, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, ներառված են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում եւ հրապարակման ենթակա չեն: Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթին ընդամենը հետաքրքրում էր այդ նպատակով ծախսված գումարի չափը, որը պետական գաղտնիք չէ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում