«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ինհայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի որոշ քաղծառայողների այս օրերին գործուղում է կառավարության աշխատակազմ: Գործընթացը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ԱԺ-ում ընդունվել են մարտի 23-ին: Օրենքով նախատեսվում է, որ մինչեւ հուլիսի 1-ը ՀՀ նախագահի աշխատակազմի քաղծառայողները կարող են առանց մրցույթի շարունակել աշխատել վարչապետի աշխատակազմում՝ զբաղեցնելով նույն խմբի պաշտոններ:

Այս պարագայում վերջնահաշվարկ չի կատարվում, ստաժը չի ընդհատվում, աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենում, եթե պարտականությունների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

Երեկ Սերժ Սարգսյանը մինչ իր լիազորությունների ավարտը աշխատանքից ազատել էր իր խոսնակին, օգնականներին, խորհրդականներին:
Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը ՀԺ-ին տեղեկացրել էր, որ աշխատակազմին ասել են՝ գնալ տուն եւ սպասել:

Իսկ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն առանց աշխատակազմի է: Երեկվանից նա տեղակայվել է Մաշտոցի 47 հասցեում՝ կառավարության ընդունելությունների նախկին տանը: Երեկվա դրությամբ ՀՀ նախագահը ոչ խոսնակ ուներ, ոչ խորհրդական, ոչ աշխատակազմի ղեկավար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում