«Իրատես» թերթը զրուցել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ

«Տնտեսական փոփոխությունների տեմպն իշխանությամբ չի պայմանավորված, այլ ժողովրդով»,- ասաց Կարապետյանը։  «Բերեմ մի օրինակ. շենքերում տեղադրված հին, մեծ ժամացույցներ կան, որոնք երկար տարիներ չեն աշխատել ու հանկարծ պետք է գործի դրվեն։ Պատկերացնու՞մ եք, որքան դժվար են ատամնանիվներն իրար հետ պտտվելու։ Հայաստանում մոտավորապես նույն վիճակն է. «ատամնանիվներն» ուզում են ժանգից ազատվել ու պտտվել, բայց դրա համար ժամանակ է պետք։ Հուսով եմ՝ մինչ տարեվերջ այդ «ատամնանիվները» ներդաշնակ կպտտվեն։
Ենթադրենք, չկա կոռուպցիա, չկա մենաշնորհ, դրանք բավարա՞ր են տնտեսություն զարգացնելու համար։
Անհրաժեշտ են նաեւ աջակցության որոշ գործիքներ։ Ինչպես կառավարության ծրագրում էր նշված՝ մեկ պատուհան ներդրողների համար։ Նոր սկսող ձեռնարկություններին, տեխնոլոգիական ընկերություններին գյուղատնտեսությանն աջակցող արագ քայլեր են պետք։ Բայց այն, որ տնտեսական աշխուժացումն ու առաջընթացը ձեռնարկությունների խնդիրն է, միանշանակ է։
Որքան էլ ականջահաճո հայտարարություններ հնչեն, առանց ֆինանսական հոսքերի տնտեսություն հնարավոր չէ զարգացնել։ Որտեղի՞ց եք գտնելու ֆինանսական աղբյուրներ։
Այդ աղբյուրները մեր ներքին խնայողություններն են եւ դրսի ներդրումները։ Դրսում հարյուրավոր մարդիկ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու գաղափարով, Հայաստանում ապրող մարդիկ էլ հակված են իրենց խնայողությունները Հայաստանում ներդրումների վերածելու։ Եթե ընդդիմությունը, մամուլը, ֆեյսբուքյան ակտիվիստները անընդհատ չպնդեն, որ մեր երկիրն ահավոր մեծ վտանգների առաջ է կանգնած, ուր որ է պատերազմ կսկսվի, ներդրումներ կլինեն։
Կարծում եք, թալանված միջոցներն այնքան շատ են, որ դրանով կարող ենք ռազմարդյունաբերությու՞ն զարգացնել։
Նախնական գնահատականով՝ 3 մլրդ դոլարի մասին է խոսքը։
Դա դեռ հայտարարություն է, իսկ թե ե՞րբ ու ի՞նչ չափով դրանք կարող են պետությանը վերադարձվել, լրիվ այլ խոսակցության նյութ է։
Դրանք պետությանը վերադարձվելու ընթացքում են, ամեն շաբաթ, ամիս տեսնում ենք, որ դրանք իրականություն են դառնում։ Որպեսզի այս գործընթացն արագ լինի, պիտի մեր հասարակության յուրաքանչյուր անդամ դրան օգնի։ 
Ինչպե՞ս օգնի, ՀԴՄ կտրո՞ն պահանջի, դառնա տնտեսական ակտիվի՞ստ։
Ամեն մեկն իր տեղում կարողանա գործընթացին նպաստել, լրագրողը` իր գործունեության մեջ, գործարարը, պետծառայողը՝ իրենց։ Հիմա, ցավոք, բարեփոխումներին դեմ է աշխատում մեր լրատվական դաշտի 80 տոկոսը, պետական ապարատի՝ առնվազն 50 տոկոսը։ Սա շատ վատ գործընթաց է, բայց մենք կհաղթահարենք։
Հեղափոխության սկզբում խոստացված Հայաստանը ե՞րբ է լինելու։
Մեր իշխանությունը ժողովուրդն է։ Իմ երազած Հայաստանի մասին կարող եմ ասել, որ այն կլինի 20 տարվա ընթացքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում