«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հերոս, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով նախագահական հավակնություններ ունի եւ այդ նպատակով դեռեւս մեկ ամիս առաջ հայտարարեց, որ Արցախում սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնելու՝ այդ նպատակով ստորագրահավաք ձեռնարկելով, երեկ մեր լրագրողին հայտնել է, որ գործընթացը դեռ չեն սկսել։

Հիշեցնենք, մոտ մեկ ամիս է, ինչ Բաբայանը գտնվում է Արցախում, հանդիպումներ ունենում տարբեր շրջանակների հետ։ Ե՞րբ են սկսելու ստորագրահավաքի գործընթացը, որ փոփոխություններ նախաձեռնեն։ «Երբ ժողովրդի աջակցությունը կտեսնենք, այն ժամանակ էլ կսկսենք»։ Իր հանդիպումները հույս ներշնչո՞ւմ են, որ ժողովուրդը կաջակցի։ «Տեսնենք, չեմ կարող ասել»,- պատասխանել է Բաբայանը։

Նա հրաժարվել է այլ հարցերի շուրջ խոսել՝ ասելով, որ ապրիլի 19-ին Երեւանում ասուլիս է տալու՝ բոլոր հարցերին կպատասխանի։

Հիշեցնենք, որ Արցախի Սահմանադրությունը պահանջում է, որ նախագահի թեկնածուն 10 տարվա մշտական բնակություն ունենա, ինչը Բաբայանը չունի, իսկ Սահմանադրության այդ կետը փոխելու համար 11 հազար ընտրողի ստորագրություն է հարկավոր, որ խորհրդարանը նման նախագիծ ընդունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում