«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն այս տարի՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, առաջին դասարանի աշակերտներին դպրոցական պայուսակ չի նվիրի։ Դրա համար նախատեսված գումարը ծախսել է այլ նպատակով։

Մանկապարտեզի ավագ խմբի սաների ծնողները, որոնք իրենց երեխաներին պետք է տանեն դպրոց՝ առաջին դասարան, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ նախկինում վարչական շրջանների ղեկավարներն այդ պայուսակները տվել են իրենց ցանկալի մարդկանց։ Այսինքն՝ շատերին նվեր պայուսակը չի հասել։ Ծնողների պատմելով՝ քաղաքապետարանը այս տարի զգուշացրել է եւ որոշել է պայուսակ չնվիրել։

Արդյոք Երեւանի քաղաքապետարանը պայուսակների նվիրման գործընթացի հետ կապված բացահայտումներ արե՞լ է կամ այս խնդրով դիմե՞լ է իրավապահներին, թե ոչ։ Այս հարցին ի պատասխան Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն ասաց․ «Առաջին անգամ եմ լսում դրա մասին, որովհետեւ մշտապես տարեվերջյան միջոցառումների ժամանակ բաժանվել են այդ պայուսակները։ Չեմ կարծում, որ որեւէ մեկն այդ պայուսակը չտար երեխաներին։ Ես ինչքան աշխատում եմ այստեղ, չեմ հիշում երեխաներին պայուսակ չտալու վերաբերյալ որեւէ բողոք»։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ կոնկրետ առաջին դասարան հաճախող երեխաների աջակցության նախկին պրակտիկայի հետ կապված հայտնի են շատ դեպքեր, երբ ծնողներն այդ նվերները չեն ընդունել կամ չեն գործածել տրված իրերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում