«Ժամանակ» թերթը գրում է. «Հանքարդյունաբերության շուրջ հանրային-քաղաքական մեծ քննարկումները, որ ծավալվում կամ, ավելի շուտ, դեռեւս միայն նշմարվում են Ամուլսարի ներկայիս խնդրի համատեքստում, Հայաստանի համար պետք է թերեւս լինեին անցյալ, պատմություն, շրջված մի էտապ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենար իր զարգացման գործընթացում հանքարդյունաբերության տեղի, դերի, նշանակության կոնցեպտուալ եզրահանգումներ եւ դրանց վրա մշակված քաղաքականություն:

Դրա փոխարեն, սակայն, Հայաստանն ունի մի իրավիճակ, երբ ընդերքը տարիներ շարունակ եղել է իշխող համակարգի գրպանը լցնելու ուղիղ եւ պարզ միջոցներից մեկը, ոչ ավելին: Հանրությանը մնացել են որոշակի հարկեր, որոնք, իհարկե, ինչ-որ դեր ունեցել են տնտեսության կառուցվածքում, սակայն դրան զուգահեռ գոյացել են հանրային առողջության եւ ընդհուպ գուցե կյանքերի հաշվին:

Այդ տարիների իրողությունների պայմաններում ամենեւին զարմանալի չէ այն ծայրահեղությունը, որ նկատվում է այժմ Ամուլսարի հարցում: Անկասկած է, իհարկե, որ ծայրահեղությունները երբեք չեն կարող բերել այդօրինակ բարդ ու բազմաշերտ հարցերի խորքային, հիմնարար հանգուցալուծման, եթե չասենք, որ կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը: Սակայն մյուս կողմից՝ մենք գործ ունենք իրականության ցավալիորեն օբյեկտիվ մի պատկերի հետ, որը մեզ պետք է ստիպի խորհել ոչ միայն կոնկրետ հարցի, այլեւ հանքարդյունաբերության ռազմավարական հեռանկարի շուրջ, անել այն գործը, որը ցավալիորեն եւ թերեւս դիտավորյալ չի արվել նախորդ շրջանում, որովհետեւ այն խանգարելու էր լուծել իշխող համակարգի հարստացման հարցը:

Այդ իմաստով խորհրդանշական է նաեւ, թեեւ բավականին տխուր տոնայնությամբ, որ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 29-րդ տարեդարձի տոնական առիթը զուգորդվում է հանրային լարված իրադրության հետ: Տխուր խորհրդանշական՝ այն տեսանկյունից, որ Անկախության հռչակագրի ընդունումից մոտ 30 տարի անց մենք տեսնում ենք, թե որքան բացեր ենք թողել այդ երեսուն տարիներին, եւ ինչ հիմնարար խնդիրներ են անտեսվել, ստորադասվել խմբային, այսրոպեական, կոնյունկտուրային շահերին, ինչի հետեւանքով մեր անկախության չորրորդ տասնամյակ մենք փաստացի թեւակոխում ենք խորքային խնդիրներով, որ պետք է լուծած լինեինք առաջին երեք տասնամյակի ընթացքում:

Ներկայումս հարցն այն է՝ մենք կկարողանա՞նք գոնե այժմ գալ այդ խորքային, հիմնարար քննարկումներին՝ դուրս գալով ծայրահեղություններից եւ ընթացիկ կոնյունկտուրայից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում