«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին եւ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման առիթն, ըստ երեւույթին, նորանշանակ պաշտոնյաների՝ նախարարի հետ ծանոթությունն էր, սակայն գործնականում հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցության թեման քննարկվում է հետաքրքիր մի ժամանակահատվածում: Խոսքը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցին, որը սպասվում է սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի առիթով:

Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ կլինի Հայաստանի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի հանդիպում, ինչի ուղղությամբ տարվում է դիվանագիտական աշխատանք: Կլինի այդ հանդիպումը հենց սեպտեմբերյան այցի ընթացքում, թե ոչ, պարզ չէ: Սակայն նկատելի է, որ հայկական կողմն աշխատում է Փաշինյանի ԱՄՆ այցի հայ-ամերիկյան օրակարգի ուղղությամբ, եւ Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումն ԱՄՆ դեսպանության փաստացի նշանակալի պատվիրակության հետ ուշագրավ է այդ համատեքստում:

Առավել եւս, որ, մասնավորապես, հայ-ամերիկյան ռազմական գործակցության թեման թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է նոր հարթության վրա, դեռեւս նախորդ տարի հոկտեմբերին Ջոն Բոլթոնի Հայաստան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունից հետո: ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարեց, որ Երեւանը կարող է սպառազինություն ձեռք բերել ԱՄՆ-ից, որն ավելի բարձրակարգ է, քան ռուսական սպառազինությունը: Դրանից հետո, իհարկե, թեման չի առարկայացել, իսկ լրագրողների հարցերին ի պատասխան Հայաստանի թե՛ վարչապետը, թե՛ պաշտպանության նախարարը հայտնել են, որ չկա կոնկրետ առաջարկ:

Ունի՞ հայ-ամերիկյան ռազմական գործակցության ռազմա-տեխնիկական բաղադրիչը կոնկրետանալու միտում, թե՞ ոչ: Կա՞ այդ հարցը հայ-ամերիկյան երկխոսության օրակարգում եւ ինչ տեղ է գրավում դրանում: Այս հարցը, անշուշտ, բավականին ընդգրկուն է իր ռազմա-քաղաքական համատեքստով, ներառյալ եւ այն, որ հայ-ամերիկյան այդ երկխոսությունը կարող է բավականին ուշագրավ դիտվել ռուս-թուրքական ռազմա-տեխնիկական գործակցության աճի համատեքստում, որը հարուցում է Վաշինգտոնի դժգոհությունը: Դա այն դեպքում, երբ թուրքական կողմն արդեն խոսում է միջուկային զենքի իրավունքի մասին եւ պարզ չէ, թե արդյոք Անկարան արդեն իսկ այդ թեմա՞ն է ներառում Մոսկվայի հետ իր ռազմատեխնիկական գործակցության տիրույթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում