Թերթը գրում է, որ չորեքշաբթի օրը Հովիկ Աբրահամյան-ԱԺ ֆրակցիաների նախագահներ հանդիպումն անցել է բավականին բուռն, եւ գլխավոր ընդդիմախոսի դերում եղել է ոչ թե ՀԱԿ-ն, այլ` ՀՅԴ-ն:

«Արմեն Ռուստամյանը բողոքել է, որ ՀՀԿ-ն հերթական անգամ խախտել է ԱԺ կանոնակարգն ու Դոնթի բանաձեւը եւ տասը հանձնաժողովի փոխարեն 12 մշտական հանձնաժողով է ձեւավորել, ինչի մասին արդեն ՀՅԴ-ն առաջին նիստում իր առարկությունը հայտնել էր: 12 հանձնաժողովը նշանակում է 12 ավտոմեքենա, այդքան աշխատավարձ, քարտուղարուհի եւ այլն:

Հովիկ Աբրահամյանը Ռուստամյանին առարկել է` ձեզ էլ հասավ հանձնաժողովի մեկ տեղակալ: «Լավ էր չհասներ,- նեղսրտել է Արմեն Ռուստամյանը:- ՀՀԿ-ին հանձնաժողովի 2 նախագահ ավելի է հասել»:

Այսքանով մեծ ֆրակցիա-փոքր ֆրակցիա կռիվը չի ավարտվել: Ռուստամյանի հաջորդ բողոքն առնչվել է ԱԺ կանոնակարգի խախտմանը. ֆրակցիաներ է ուղարկվել մշտական հանձնաժողովների անդամների ցանկի մասին որոշումը, երբ դեռ ընտրված չեն հանձնաժողովների տեղակալները: Կամ կանոնադրությունը փոխեք, կամ` որոշումը,- պահանջել է Ռուստամյանը: «Է, կփոխենք»,- ասել է Աբրահամյանը` ոչինչ չասելով, թե այդ փոփոխությունը կապ ունի՞ ՀՀԿ կարգախոսի առաջին մասի՝ «հավատալու» հետ»,- գրում է «Հրապարակը»: