Այս տարվա մայիսի 7-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի՝ «Դոդի Էդո» մականվամբ պետի կողմից Գագիկ Ծառուկյանի տան հարեւանությամբ գտնվող բենզալցակայանում Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի 37-ամյա վարորդ Արկադի Գրիգորյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով գործի վարույթը կարճվել է: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

«ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ «Ժամանակին» հայտնեցին, որ Արկադի Գրիգորյանը ետ է վերցրել իր բողոքը, այդ իսկ պատճառով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է վերջինիս բողոքի բացակայության պատճառաբանությամբ:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին (Դոդի Էդո), ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցում են, որ ծեծողը Բաբայանը չի եղել:
Սակայն ըստ Ժամանակի» ունեցած տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի՝ «Դոդի Էդո» մականվամբ պետն է մայիսի 7-ին դաժան ծեծի ենթարկել միկրոավտոբուսի վարորդին՝ մեքենան կանգառից դուրս չհանելու համար:
Նախ` նրան ծեծել են իր մեքենայում, ապա այլ մեքենայով տեղափոխել Ծառուկյանին պատկանող մի գազալցակայան ու էլի ծեծել` ստիպելով, որ լռի ու ոչ մեկին չասի կատարվածի մասին:
Ըստ ականատեսների՝ ծեծվելու պահին միկրոավտոբուսի մեջ է եղել նաեւ վարորդի կինը:
Ըստ որոշ այլ տեղեկությունների` Է. Բաբայանը այնտեղ չի եղել, պարզապես նրա հրահանգով իր մարդիկ են ծեծել վարորդին»,- գրում է «Ժամանակը»: