Համայնքապետերի առաջադրման դիմումների ընդունման վերջին օրը` օգոստոսի 10-ին, նոր թեկնածու է հայտնվել Վանաձորում այս տարվա սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի թեկնածուների ընտրացուցակում` Տիգրան Գրիգորյանը, ում մասին հայտնի է միայն, որ նա անկուսակցական է: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

«Մեր տեղեկություններով, նա 2007-ին փորձել է առաջադրվել թիվ 31 ընտրատարածքում, սակայն հրաժարվել է իր մտադրությունից, իսկ 2012-ին մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվել է մայրաքաղաքի թիվ 7 ընտրատարածքում` պայքարելով ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանի ու ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ինքնաառաջադրման դիմում է ներկայացրել նաեւ «Օրանժ Արմենիա» ընկերության Վանաձորի մասնաճյուղի նախկին տնօրեն, «Ապագա Վանաձոր» խմբի համակազմակերպիչ Տարոն Ապրեսյանը:

Այսպիսով, Վանաձորում ընտրապայքարի մեջ կմտնեն 5 թեկնածուներ»,- գրում է «Ժամանակը»: