Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թերթում ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանն անդրադառնում է ԵՊՀ-ի նոր կանոնադրության նախագծին:

«Երեւանի պետական համալսարանում լայնորեն քննարկվում է նոր կանոնադրական նախագիծը: Միանշանակ է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ անհրաժեշտ են՝ հաշվի առնելով բարձրագույն կրթությանն ուղղված ներկայիս մարտահրավերներին դիմակայելու հրամայականը եւ առաջնորդվելով այն պարզ գիտակցմամբ, որ այլ միջոցառումներից զատ հարկավոր է նաեւ լուրջ ու բովանդակալից մի փաստաթուղթ, որի միջոցով հնարավոր կլինի կարգավորել երկրի մայր ԲՈՒՀ-ի գործունեությունը: Սակայն ինչպիսի±ն են լինելու հիշյալ կանոնադրական փոփոխությունները եւ ի±նչ նպատակ պետք է դրանք հետապնդեն:

Հասկանալի է, որ ԵՊՀ կանոնադրությունը նախեւառաջ պետք է ծառայելի որպես գործիք ժամանակակից բարձրագույն կրթության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների լուծման ճանապարհին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է կրթամակարդակի բարձրացմանը, երիտասարդ գիտնականների ներգրավվմանը համալսարանական կյանքին, կրթական համակարգում առկա արատների՝ կաշառակերության եւ խմբակայնության դեմ պայքարին, ամբիոնների շրջանակներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների որակական մակարդակի բարձրացմանը եւ այլն: ՀՀ ԿԳ նախարարության «ՀՀ կրթության եւ գիտության ոլորտում փոփոխությունների վերաբերյալ հայեցակարգային դրույթները» առանձնահատուկ կերպով ընդգծում են հիշյալ ոլորտում փոփոխությունների իրականացման հետեւողականության անհրաժեշտությունը:  

Նոր կանոնադրական նախագծի որոշ կետեր, սակայն, տարակուսանքի տեղիք են տալիս: Փաստորեն, որակական փոփոխության են ենթարկվում այն կանոնադրական կետերը, որոնք ճակատագրական նշանակություն ունեն մեր բարձրագույն կրթության համար: Եթե գործող կանոնադրության համաձայն ամբիոնների ներկայացուցիչների թվաքանակը ֆակուլտետների ընտրովի ղեկավար մարմիններում որոշվում է ըստ ամբիոնների աշխատակիցների համապատասխան թվի (որոնք Համալսարանի հիմնական աշխատողներ են համարվում՝ նվազագույնը կես հաստիքային դրույքով), ապա նոր նախագիծը նախատեսում է ներկայացուցիչների թվաքանակը որոշել ըստ ամբիոնների դրույքաչափերի ընդհանուր գումարի:

Ցավոք, մենք որեւէ հիմնավորում չլսեցինք այս՝ առնվազն տարօրինակ թվացող առաջարկության կապակցությամբ, այն դեպքում երբ լիովին ակնհայտ են իրավաբանական եւ բարոյական նորմերից կամ պարզապես առողջ դատողությունից բխող հակափաստարկները:

Նախ, գոյություն չունի եւ չի կարող ունենալ այնպիսի ընտրական համակարգ, որտեղ մեկ անձը մեկ լիարժեք ձայնի իրավունք չունենա:

Համալսարանի յուրաքանչյուր աշխատակից (եթե Համալսարանը նրա հիմնական աշխատավայրն է), անկախ նրանից, թե նա կես, մեկ, թե մեկ ու կես դրույքաչափով է աշխատում, իրավունք ունի որոշելու ֆակուլտետի ճակատագիրը: Ինչպե՞ս կարող են ամբիոնի կես դրույք ունեցող երկու աշխատակից ունենալ ընդամենը մեկ ձայն, իսկ մեկ ու կես դրույք ունեցող երկու աշխատակից՝ երեք ձայն, երկուսի փոխարեն: Ի՞նչը կարող էր առավել անհեթեթ լինել հասարակ տրամաբանության եւ առողջ դատողության դիտանկյունից: Ըստ էության, տեղի է ունենալու որոշ մարդկանց իրավունքների սահմանափակում՝ հօգուտ մյուսների իրավունքների ընդարձակման: Պատկերացրեք հեղինակություն վայելող վաստակաշատ դասախոսի, որն աշխատում է կես դրույքաչափով: Ինչո՞ւ նա պետք է իրեն զգա մարդ, ով ունի կես ձայն: Ի վերջո, ֆակուլտետի ճակատագիրը պետք է որոշեն անձերը, այլ ոչ թե դրույքաչափերը: Այսպիսով, անտեսվում է նաեւ հարցի բարոյական կողմը, որն ունի առաջնային նշանակություն ցանկացած կոլեկտիվում աշխատանքային առողջ մթնոլորտի ձեւավորման համար:

Եվ վերջապես ամենակարեւորի մասին: Կանոնադրության մեջ նման փոփոխությունների ամենավտանգավոր հետեւանքներից է այն, որ խոչընդոտվում է նոր կադրերի ընդգրկումը գիտամանկավարժական գործընթացում՝ հակասելով բարձրագույն կրթության հիմնարար սկզբունքներից մեկին՝ երիտասարդ գիտնականների ներգրավվմանը կրթական համակարգին: Ամբիոնի վարիչները, որպես կանոն, երիտասարդ դասախոսներին աշխատանքի են վերցնում հենց կես դրույքաչափով՝ ընձեռելով նրանց գիտակրթական ասպարեզում ինքնադրսեւորման հնարավորություն, որից հետո միայն կայացնում են վերջնական որոշում նրանց հետ հետագա համագործակցության կապակցությամբ: Դա երիտասարդների շրջանում ստեղծում է առողջ մրցակցային մթնոլորտ, իսկ ղեկավարությունը հնարավորություն է ստանում ընտրելու եւ պահելու լավագույն կադրերին՝ առավել ակտիվ գիտամանկավարժական գործունեության հեռանկարով: Հենց այսպես են ձեւավորվում ամենաառողջ համալսարանական կոլեկտիվները:

Առաջարկվող նորամուծությունն ակնհայտորեն խրախուսում է բոլորովին այլ կադրային քաղաքականություն, երբ համակարգում ձեւավորված սահմանափակ քանակությամբ «հնաբնակների» խմբեր չեն ցանկանա իրենց նեղ շրջանակի մեջ նոր անդամներ ընդգրկել: Երիտասարդների համար մուտքն այնտեղ փաստորեն չափազանց դժվարանալու է:

Փաստորեն, նոր կանոնադրական նախագծի շրջանակներում ղեկավարությունը շահագրգռված չի լինելու աշխատակազմի ընդլայնման եւ երիտասարդացման հարցում, քանզի ձայները ապահովվելու են ի հաշիվ դրույքաչափերի, այլ ոչ իրապես աշխատող մասնագետների: Բացի այդ, նոր կանոնադրական նախագիծը հնարավորություն է ընձեռում ձայներ հավաքել նաեւ ի հաշիվ դրսից հրավիրված մասնագետների, որոնք համատեղությամբ աշխատում են Համալսարանում կես դրույքաչափով, բայց չեն համարվում հաստիքային աշխատող (դա բացարձակապես արգելվում է ներկա կանոնադրությամբ): Նախադրյալներ են ստեղծվում այն բանի համար, որ «յուրային» հրավիրվածների թվաքանակը կարող է երբեմն գերազանցել հաստիքային աշխատողների քանակին: Ավելին, ստեղծվում է այնպիսի անմիտ իրավիճակ, երբ փոքր անձնակազմ եւ բարձր դրույքաչափերով աշխատող անդամներ ունեցող ամբիոններն իրենց ձայնների քանակով հավասարվում են մեծ ամբիոններին, որոնք խրախուսում են նոր հեռանկարային կադրերի՝ գիտակրթական գործունեության մեջ ներգրավման քաղաքականությունը (թեկուզ կես դրույքաչափով): Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ որոշումներ կկայացվեն ֆակուլտետների գիտխորհուրդներում ձայների «մեծամասնությամբ»… Անդեմ դրույքաչափերը, որոնց հետեւում կարող է կանգնած լինել ցանկացած մեկը, կարող են բերել ողջ համակարգի դիմազրկման, իսկ որպես ավելի վտանգավոր հետեւանք՝ ազնիվ ու իրենց գործին նվիրված անձանց՝ գիտակրթական համակարգից դուրս մղման: Լիովին ակնհայտ է, որ տվյալ նորամուծությունը ձեռնտու է լինելու մի խումբ մարդկանց, որոնք լուծում են հստակ խնդիրներ՝ ստանալ ձայների առավելագույն քանակությունը աշխատակիցների նվազագույն թվաքանակի պայմաններում՝ ստեղծելով առավել վերահսկելի իրավիճակ:

Դա, անկասկած, կործանարար ազդեցություն կթողնի Համալսարանի կադրային քաղաքականության վրա: ՀՀ ԿԳ նախարարության վերոհիշյալ հայեցակարգային դրույթները մատնանշում են երիտասարդ կադրերի՝ գիտության եւ կրթության ոլորտում ներգրավվածության ցածր մակարդակը. «Արդիական է գիտական կադրերի, առաջին հերթին երիտասարդության՝ գիտության ոլորտից հեռանալու խնդիրը», ինչի առնչությամբ առանձնահատուկ կարեւորվում է օժանդակությունը գիտական դպրոցներին:  

Կանոնադրության համապատասխան կետերի փոփոխության դեմ շարադրված վերոհիշյալ փաստարկները առաջարկվել եւ միաձայն հաստատվել են ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի կողմից, ինչը միանգամայն օրինաչափ է. վերջին 10-12 տարիների ընթացքում ճկուն կադրային քաղաքականությունն է, որ հնարավորություն է ընձեռել Իրանագիտության ամբիոնին ընդարձակել անձնակազմի թվաքանակը՝ 5-6-ից հասցնելով 25-ի` վերածելով այն աշխարհում առավել ճանաչված իրանագիտական դպրոցներից մեկի: Իրանագիտության ամբիոնում լուրջ հետազոտություններ են կատարվում նաեւ մի շարք հարակից շրջանների ուսումնասիրության ասպարեզում (Ադրբեջան, Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Ասիա, Թուրքիա, Աֆղանստան, քրդեր, թալիշներ եւ այլն), որոնք անմիջականորեն շոշափում են մեր ազգային շահերը: ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը նախաձեռնում եւ իրագործում է այնպիսի լայնամասշտաբ գիտական ծրագրեր, որոնք շատ դեպքերում ի զորու չեն իրականացնել արտասահմանյան առատ ֆինանսավորվող շատ կառույցներ: Վերջին տարիների ընթացքում Իրանագիտության ամբիոնը կազմակերպել է վեց խոշոր միջազգային գիտաժողով՝ աշխարհի տարբեր երկրների գիտնականների մասնակցությամբ: Արդեն 15 տարի է, ինչ հրատարակվում է «Iran and the Caucasus» (Լեյդեն, Նիդերլանդներ) հեղինակավոր գրախոսվող միջազգային պարբերականը, որը արեւելագիտական ակադեմիական հրատարակությունների շարքում ունի ընթերցելիության ամենաբարձր վարկանիշը: Հարկ ենք համարում նշել նաեւ երկու տարածաշրջանային պարբերականների մասին, որոնք երկար տարիներ հրատարակվել են ամբիոնի կողմից: Իրանագիտության ամբիոնի հաջողությունների մասին բոլորովին վերջերս նշեց նաեւ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը արտասահմանյան ԶԼՄ-երի ներկայացուցիչների հետ մամլո ասուլիսի ընթացքում: Այս ամենը գործող ԵՊՀ կանոնադրության հիշյալ մասով կետերի կենսունակության վառ ապացույցն են:  

ԵՊՀ նոր կանոնադրական նախագծի կողմնակիցների միակ փաստարկը այն է, թե այդպիսով հնարավոր կլինի կանխել ամբիոնների աշխատակիցների թվաքանակի արհեստական ընդլայնումը, այսպես կոչված՝ դրույքաչափերի «փոշիացումը»: Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է արհեստականորեն մեծացնել գիտաշխատողների անձնակազմը, որտեղ յուրաքանչյուրն ունի իր մասնագիտական բնագավառը: Կամ` ի՞նչն է բացասական կամ վտանգավոր նոր կադրերի ներգրավվման հարցում: Ավելին, ի՞նչն է խանգարում մյուս ամբիոններին ընդլայնել իրենց կազմը՝ «փոշիացնելով» որոշ կասկածելի դրույքաչափեր՝ հանուն ընդհանուր գործի: Իհարկե, հաջողությամբ աշխատող մեծ գիտական կոլեկտիվը միշտ էլ մեծ պատասխանատվություն է ենթադրում, բայց եւ միաժամանակ, վկայում է ղեկավարի կազմակերպչական ունակությունների մասին որպես գիտական աշխատանքների համակարգող: Իսկ «յուրային» փոքր կոլեկտիվները անհամեմատ ավելի հեշտ են կառավարվում…

Ես չէի կարող իմ անհանգստությունը չարտահայտել հիշյալ կանոնադրական նորամուծության կապակցությամբ, քանզի այն հակասում է Հայաստանի բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման ռազմավարական սկզբունքներին՝ խթանելով գիտության լճացմանը եւ հարվածի տակ դնելով մեր երկրի մտավոր անվտանգությունը:  

Ժամանակները փոխվում են: Կանոնադրությունը, որի նախագիծն այսօր քննարկման փուլում է, պարտավոր է ապահովել ԵՊՀ-ի որակյալ կենսագործունեությունը եւ ստեղծել առողջ մթնոլորտ նրանում առաջիկա տասնամյակների ընթացքում: Սա հենց այն ժառանգությունն է, որը մենք կթողնենք մեր երիտասարդ սերնդին:

Ես եւ իմ գործընկերները հուսով ենք, որ նոր կանոնադրության հարցը կդառնա լայնամասշտաբ եւ լուրջ քննարկման առարկա եւ կգտնվի ակադեմիական հանրության ուշադրության կենտրոնում: Համոզված եմ, որ ներկայիս կանոնադրության կատարելագործման նախաձեռնությունը միտված չի եղել խմբակայնության խթանմանը, այլ իրականում նպատակ է հետապնդել իրականացնել կառուցողական փոփոխություններ, որոնց բոլորս ենք սպասում»:

Գառնիկ Սերոբի Ասատրյան, բանասիր. գիտ. դոկտոր, պրոֆ.

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ