Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Վրաստանում, թեեւ նախընտրական շրջան է եւ թվում է, թե շատ խնդիրներ պետք է լուծում ստանային, ինչպես խոստացել էին վրացական իշխանության վերին օղակների ներկայացուցիչներ, օրինակ` անձամբ Բիձինա Իվանիշվիլին, սակայն ջավախահայության խնդիրներն, ընդհակառակը, ավելի մեծ ծավալների են հասնում:

Այդ է պատճառը, որ Ախալքալաքի մի շարք հասարակական կազմակերպություններ ահազանգում են,  թե «ջավախահայությանը հուզող հիմնական խնդիրների, այն է՝ ազգային-քաղաքական, կրթական եւ հոգեւոր-մշակութային հարցերի լուծման մասով չեն նկատվել դրական տեղաշարժեր: Ավելին, նշյալ զգայուն ոլորտներում բազմաթիվ հիմնահարցեր խորանալով դարձել են նոր անհանգստությունների եւ հուզումների պատճառ:

Օրինակ, հաշվետու շրջանում արգելվեցին ՀՀ-ից մինչ այդ ներմուծվող այբբենարանները, մայրենի լեզվի եւ հայ գրականության դասագրքերը, եւ Ջավախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկված են անգամ այդ դասագրքերից»:

Հավելենք նաեւ, որ Վրաստանում գործում է նաեւ սեւ ցուցակ, համաձայն որի` շուրջ 8 հայ գործիչների մուտքը Վրաստան առանց որեւէ հիմնավորման արգելվում է: Aravot.am-ը «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանից հետաքրքրվեց սա ի՞նչ քաղաքականություն է, ինչո՞ւ մեր այսպես կոչված բարեկամ երկրի հետ  նման խնդիրներ են ծագում ու ավելի խորանում: Նա արձագանքեց. «Ես նման տեղեկություն չունեմ, որ նախընտրական շրջանում այբբենարաններ են տարել Վրաստան եւ արգելքի հանդիպել: Բայց այդ խնդիրն, ընդհանրապես, գոյություն ունի: ՀՀ սփյուռքի նախարարությունը Վրաստանի կրթության նախարարության հետ համատեղ պետք է խնդիրը քննարկեին ու կարողանային հասնել մի ընդհանուր վիճակի, որ հայատառ գրականությունը եւ դասագրքերը անարգել տեղափոխեին Վրաստանի հայկական դպրոցներ:

Տարիներ շարունակ այդ դասագրքերը մեծ դժվարությամբ են հասնում Վրաստանի հայկական դպրոցներին: Վերջին` նախընտրական շրջանի մասին չունեմ տեղեկություն, թե գրքեր են տեղափոխվել ու արգելքի հանդիպել, բայց եթե տանեին, իսկապես արգելքի կհանդիպեին»:

Պատճառներից պարոն Գրիգորյան առանձնացրեց կազմակերպական խնդիրներն ու վրացական կողմի պահանջները. «Վրաստանի իշխանությունները շահագրգռված չեն հայատառ գրականության մուտքով: Վերջին անգամ մեկ տարի ուշացումով Սփյուռքի նախարարությունը կարողացավ դասագրքերի որոշակի խմբաքանակ ուղարկել Վրաստանի հայկական դպրոցներ: Վրաստանի կրթության  նախարարությունը պահանջում է, որ հայկական դպրոցների համար դասագրքերն իրենք թարգմանեին, որոնք կհամապատասխանեին իրենց կրթական ծրագրերին: Բայց իրենց թարգմանած գրականությունը բազում տառասխալներ ուներ եւ անհասկանալի ու անգրագետ ձեւակերպումներով էր: Կար պայմանավորվածություն, որ պետք է հայ- վրացական հանձնաժողով ստեղծվեր, որ հայ մասնագետ ներգրավվեր, եւ թարգմանությունը կատարվեր պատշաճ մակարդակով»:

Դառնալով սեւ ցուցակին` «Ջավախք» հիմնադրամի նախագահը թվարկեց, թե ում է այս պահի դրությամբ արգելված մուտք գործել Վրաստան. «Այդ արգելքը գոյություն ունի յոթ-ութ անձի դեպքում, այն պահպանվում է: Նրանք են` Շիրակ Թորոսյանը, Ստեփան Մարգարյանը, Հովհաննես Այվազյանը, Սամվել Կարապետյանը, պատմաբան Վահե Սարգսյանը, «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին: Մեր ԱԳՆ-ն հավաստիացնում է, որ բարձրացնում է այդ հարցը, բայց սայլը տեղից չի շարժվում եւ այդ մարդկանց` Վրաստան մուտք գործելու արգելքը պահպանվում է: Վերջերս նաեւ սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին էին արգելել մուտք գործել, բայց իմ տեղեկություններով` հիմա նա կարողանում է մուտք գործել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ