Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը գրեթե դատարկ դահլիճում քննարկում էր Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է քրեականացնել պաշտոնատար անձանց ապօրինի հարստացումը։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա օրենք է Հայաստանի պաշտոնական դասի, ողջ իշխանության դեմ, քանի որ օրինական ճանապարհով Հայաստանում պաշտոնյաները հարստանալ չեն կարող, մինչդեռ Հայաստանի պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը «թղթով» միլիոնատեր է, ինչն արձանագրված է նույնիսկ նրանց հայտարարագրերում։

Բայց դա միայն առաջին հայացքից տպավորություն է, որովհետեւ օրենքի նախագծում կա մի «փոքր կետ», որն ամբողջությամբ փոխում է այս օրենքի ինչպես՝ տրամաբանությունը, այնպես էլ՝ ընդունման դրդապատճառները։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունիսի 1-ից եւ հետադարձ ուժ չի ունենալու։ Վերջ։ Մնացածը հեքիաթներ են։ Այս օրենքով իշխանությունն ընդամենը լեգիտիմացնում է անցած 25 տարիներին ապօրինի ճանապարհով հարստացած բոլոր պաշտոնյաներին։

Ավելին՝ կես տարուց ավելի ժամանակ է հատկացնում բոլոր պաշտոնյաներին, ովքեր դեռ չեն հասցրել ուզածի  չափ հարստանալ։ Առավել եւս, որ առջեւում ընտրություններ են, եւ բոլոր այդ պաշտոնյաները՝ հարազատ կուսակցությանը լավ ծառայելու դեպքում, մինչեւ հունիս կարող են լրացնել իրենց կարողությունները։ Ապօրինի ճանապահով։  Այն միակ ճանապարհով, որով Հայաստանում հնարավոր է լինել պաշտոնյա եւ հարստանալ։

Ընդ որում, իշխանությունն այնպիսի հռետորաբանությամբ է խոսում այս երեւույթի մասին, որ ցանկացած հակադարձում՝ օրենքի հետադարձ ուժ ունենալու մեխանիզմների մասին, կամ անցյալին անդրադառնալու որեւէ առաջարկ ներկայացվում է՝ որպես պոպուլիզմ կամ կուլակաթափության դրսեւորում։

Մինդեռ մինչեւ օրս հարստացած ու գերհարստացած բոլոր  պաշտոնյաներն իրենց կարողությունները կուտակել են ապօրինի ճանապարհով, ինչի վկայությունն են այդ պաշտոնյաների հայտարարագրերը, շվայտ կյանքն ու բարքերը։ Հնարավոր է՝ նրանցից շատերը «թղթերով» օրինականացրել են իրենց հարստությունը, սակայն հասարակական ընկալման մեջ Հայաստանի պաշտոնեական դասը հանցագործ ճանապարհով հարստացած մարդկանց հավաքականություն է։

Այս օրենքով իշխանությունը, փաստորեն, ուղերձ  է հղում այդ դասին, որ այդ հարստությունը՝ անկախ ծագման աղբյուրից, լեգիտիմացվում է։

Դա չափազանց կարեւոր է Հայաստանի մեծահարուստ պաշտոնյաների համար, որովհետեւ տարիների ընթացքում նրանք կարողացել են ամենատարբեր սխեմաներով «օրինականացնել» իրենց հարստությունը, որն այսօր արդեն «մաքուր բիզնեսներից» նրանց կայուն եկամուտներ է ապահովում։

Նրանց միայն պետք է, որպեսզի որեւէ մեկը չհարցնի կապիտալի ծագման մասին, ինչն էլ ապահովում է իշխանությունը՝ դա ներկայացնելով որպես «կոռուպցիայի դեմ պայքար»։ Այս օրենքը, եթե որեւէ մեխանիզմով ունենար նաեւ հետադարձ ուժ, առնչվելու էր նաեւ այսօրվա Ազգային ժողովի պատգամավորների զգալի մասին, որոնք երեկ նույնիսկ ներկա չէին օրինագծի քննարկմանը։

Իշխանությունը նրանց ազատում է անցյալի մասին մտահոգվելու ծանր բեռից։ Սա նաեւ յուրօրինակ ընտրակաշառք է, այս անգամ՝ ոչ թե ընտրողներին, այլ բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ անելու են, որպեսզի ընտրությունների արդյունքը որոշվի ոչ ընտրողների կողմից։ Հենց դա էլ կոչվում է իշխանության վերարտադրություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ