Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «1992, թե 1993 թվականին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում հանդիպեց մտավորականների հետ։ Տաղանդավոր լրագրող եւ իմ լավ բարեկամ Գրիգոր Բաբայանը (որը, ցավոք. Հիմա մեզ հետ չէ) ջախջախիչ հոդված գրեց ընդդիմադիր «Երկիր» թերթում։ Հոդվածի վերնագիրն էր՝ «Նախագահ-մտավորականներ՝ 0։0»,- այսինքն՝ ոչ մտավորականներն են խելքին մոտ հարց տվել, ոչ էլ նախագահն է լուրջ բան պատասխանել։

Դրանից հետո շատ բան չի փոխվել։ Կշտամբանքները նույնն են՝ ինչու են հանդիպել, ինչու են հենց նրանց կանչել, ինչու նրանք այս հարցը տվեցին, իսկ այն հարցը չտվեցին։ «Այ, եթե ես լինեի»։ «Բա ինչու մի հատ չհայհոյեցիք նախագահին»։ «Սրանք մտավորական չեն, մտավորական են կոշտ «ռ»-ով» (այդպես ասողները, հավանաբար, ակնարկում են, որ իրենք մտավորական են փափուկ «ր»-ով)։ «Հայաստանում մտավորական չի մնացել» (բացի իրենցից՝ նկատի ունեմ)։ «Ընդհանրապե՞ս ի՞նչ է մտավորականը՝ նման բան չկա։ Եվ այլն։

Որտեղի՞ց է այդ ագրեսիվ ինքնավստահությունը, հապճեպ դատելու եւ դատավճիռ կայացնելու մոլուցքը։ Ցանկացած մարդ, այդ թվում՝ պաշտոնյա, զրույցի է կանչում այն մարդկանց, որոնց հետ ինքն է ցանկանում զրուցել։ Ամեն մի հրավիրված իրավունք ունի ընդունելու կամ մերժելու հրավերը։ Հրավիրվածներից յուրաքանչյուրը կարող է խոսել այն խնդիրների մասին, որոնք իրեն են հուզում։ Ինձ, օրինակ, չի թվում, որ ռաբիս երաժշտությունը Հայաստանի թիվ մեկ խնդիրն է։ Բայց դա չի նշանակում, որ ես պետք է մեղադրեմ Հովհաննես Չեքիջյանին, թե ինչու է նա հենց այդ հարցը բարձրաձայնել։ Եվ ամենակարեւորը. Մնացածը, ում չեն հրավիրել, հնարավորություն ունեն իրենց կարծիքը, իրենց քննադատությունը, անգամ իրենց հայհոյանքները բարձրաձայնելու զանազան, առաջին հերթին՝ համացանցային հարթակներում։ Քաղաքացիական արիությունն ու խիզախությունը գործի դնելու բազմաթիվ հնարավորություններ կան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ