Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ զրուցում էի ուկրաինացի հասարակական գործչի հետ, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներով: Խոսվեց այն մասին, որ ապօրինի հարստացմանը վերաբերող օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, եւ այն պաշտոնյաները, որոնք 25 տարի «կերել են», արդեն իսկ միլիոնավոր դոլարներ ունեն, նրանք, ասենք, հաջորդ տարվա հունվարի մեկից կարող են եւ չգողանալ եւ վայելել արդեն իսկ թալանածը:

Զրուցակիցս դրան հակադարձեց՝ այն մարդը, որը 25 տարի թալանել է, չի կարողանա հունվարի 1-ից կանգ առնել: Նա կշարունակի տենչալ նոր հարստություններ, նոր հաճույքներ եւ վայելքներ: Նույնիսկ եթե նա ինչ-որ հրաշքով որոշի, այնուամենայնիվ, չգողանալ, ապա միեւնույն է, նորանոր միլիոններ են պետք լինելու՝ սեփական զբոսանավը, 200 հազարանոց ավտոմեքենան եւ 4 հարկանի պալատը սպասարկելու համար:

Այնպես որ, ըստ իմ զրուցակցի, օրենքի հետադարձ ուժ պետք էլ չի՝ կոռումպացված պաշտոնյան չի փոխի իր վարքագիծը, եւ ցանկության դեպքում նրան հնարավոր է կանգնեցնել դատարանի առջեւ: Այստեղ, կարծես թե, վիճելու տեղ չկա:

Մեկ այլ թեզ Հայաստանի դեպքում ինձ վիճելի է թվում: Զրուցակիցս վստահ է՝ եթե այս կամ այն չինովնիկի շուրջ կոռուպցիոն սկանդալ է առաջանում, ապա, անկախ դրա ելքից, դա այնպիսի վնաս կհասցնի նրա վարկին, որ այդ անձնավորությունը այլեւս չի կարողանա աշխատել իր պաշտոնում, չի կարողանա ընտրվել պատգամավոր: Նախ՝ դա հնարավոր է այնպիսի երկրում, որտեղ հասարակական կարծիքը էական ազդեցություն ունի պատգամավոր կամ, ասենք, նախարար լինել-չլինելու վրա: Հայաստանն այդ երկրների թվում չէ:

Բայց դա ամենասարսափելին չէ. շատ ավելի վատ բան կա՝ հասարակական կարծիքը կարող է ապօրինի հարստացածի կողմից լինել՝ «այո, գողանում է, այո, հարկեր չի մուծում, բայց ժողովրդի մասին է մտածում, ժողովրդի կողքին կանգնած է, բարերար է, հայրենասեր է, 5 եկեղեցի է կառուցել, հետեւաբար նաեւ՝ աստվածավախ է»: Այսինքն՝ կոռուպցիան կարող է եւ չխանգարել «համաժողովրդական հիացմունքին»:

Այ, երբ գողացող չինովնիկը հասարակության մեջ ընկալվի նույն ձեւով, ինչպես ընկալվում է, ասենք, մանկապիղծը, ահա այդ ժամանակ է, որ պաշտոնյան տասն անգամ կմտածի՝ գողանալուց առաջ…

Անմիջապես աչքիս առաջ եկավ վարչապետի մարզային հանդիպումների պատկերը, որն առաջին հայացքից վերը շարադրածի հետ կապ չունի: Կարեն Կարապետյանը խոսում է ներդրումների, նորարարությունների, կրեատիվ մոտեցումների մասին: Գյուղապետերը նստած են անհաղորդ դեմքերով, չեն կարողանում պատասխանել ամենատարրական հարցերի եւ մտածում են՝ «տենաս, ես կկարողանա՞մ նրանից մի քանի կոպեկ փող պոկեմ, որ ես էլ ավելի լավ ապրեմ, իմ գյուղի ժողովրդին էլ ավելի լավ նայեմ»:

Նրանք դեռեւս մնացել են կոլխոզի նախագահի կարգավիճակում, որը ռայկոմի քարտուղարից «ֆոնդեր» է պոկում: Կոռուպցիայի, ինչպես եւ շատ այլ բացասական երեւույթների հիմքում, ինձ թվում է, «քյարթու» մտածելակերպն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ