Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ես, անկեղծ ասած, չէի ցանկանում, որ Սեյրան Օհանյանը քաղաքական գործիչ դառնա: Ավելի լավ էր` մնար զինվորական. ծառայել կարելի է ոչ միայն նախարարի պաշտոնում: Նրա ծառայություններն անուրանալի են, իհարկե` բանակնում կային  եւ կան նաեւ բազմաթիվ թերություններ: Թե ինչպիսի քաղաքական գործիչ կլինի Սեյրան Օհանյանը` չգիտեմ: Արդյոք արկածախնդիր մարդիկ չե՞ն օգտագործի նրա անունը` սեփական «ոչ վեհ» նպատակների համար` դժվարանում եմ ասել: Բայց խոսքս հիմա այլ բաների մասին է:

Հենց որ մեկը մտնում է, վերադառնում է քաղաքականություն, դաշինք է ստեղծում, իր հավակնությունների մասին է հայտնում, նրա դեմ միանգամից «զանգվածային հարձակում» է սկսվում: Տվյալ դեպքում Սեյրան Օհանյանի վրա ցանկանում են, մասնավորապես, «կոտրել» մարտի 1-ը եւ քառօրյա պատերազմը: Ընդ որում, նրանք, ովքեր այստեղ բացառապես գեներալի մեղքն են տեսնում, Սեյրան Օհանյանի պաշտոնավարության ժամանակ, որքան հիշում եմ, այդպես չէին մտածում: Պարզ է, հիմա դա արվում է` այդ գործչի «ստարտային պայմանները» վատթարացելու, փչացնելու համար:

Բայց եթե  փորձենք ավելի խորքային դիտել այս երկու հատկանշական երեւույթները (մարտի 1-ը եւ քառօրյա պատերազմը), որոնք ժամանակ առ ժամանակ բարդում են այս կամ այն անհատի վրա՝ կախված քաղաքական նպատակահարմարությունից, ապա արձանագրենք. երբ չկա նորմալ պետական համակարգ, ցանկացած օր երկրի առաջին դեմքը կարող է որոշել, որ պետք է գնդակահարել խաղաղ ցուցարարներին, ճիշտ այդպես էլ պետական արդյունավետ համակարգի բացակայության պայմաններում բանակը կարող է ամբողջությամբ պատրաստ չլինել հակառակորդի հարձակմանը: Մեղավորներ փնտրելն, կհարկե, կարեւոր գործ է, բայց ոչ այն դեպքում, երբ դա դառնում է շահարկման, քաղաքական քարոզչության առարկա: Իսկ ավելի կարեւոր է` այնպես անել, որ նման դեպքերը չկրկնվեն, այսինքն` ստեղծել պետական համակարգ:

Մեր պետության  ձախողումների, բացասական  դրսեւորումների համար պատասխանատու ենք բոլորս՝ մեր չափով: Ես, օրինակ, հաճախ եմ մտածում, թե որտեղ եմ անձամբ ե՛ս թերացել: Ինձ թվում է, ես եւ իմ նմանները ոչինչ չկարողացանք հակադրել լկտի, ամբարտավան մարդկանց վերելքին՝ տնտեսական եւ քաղաքական աստիճաններով: 1990-ականներին նրանց մեծ մասը կոչվում էր «երկրապահ», «կռված տղա»: Չգիտեմ, որքանով էին նրանք կռված, բայց նրանց «կրեդոն» հետեւյալն էր՝ «ի՞նչ պետություն, ի՞նչ իրավունք, ի՞նչ օրենք՝ հե՛սա իմ իրավունքը»՝ ու հանում էին իրենց, պայմանականորեն ասած, «մաուզերները»: Հետագայում երկրապահի դիմակն  այլեւս պետք չեղավ, բայց զոռբայությունը՝ որպես կյանքի ալգորիթմ, մնաց՝ եւ ոչ միայն իշխողների, այլեւ ընդհանրապես՝ հասարակական լայն զանգվածների մոտ: Եթե ես այդպիսին չեմ՝ դա քիչ է, ես պետք է ուրիշներին օրինակ ծառայեմ:

Իհարկե, քաղաքական գործիչներին այդ ռեֆլեքսիան բնորոշ չէ՝ նրանք անսխալականության մարմնավորումն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ