Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս մի հետազոտություն կարդացի, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես են տարբեր լեզվական դրսեւորումները բացահայտում անլիարժեքության բարդույթը: Օրինակ՝ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը պարտադրված չէ շեշտել իր միջազգային կարգավիճակը՝ առանց այդ էլ պարզ է: Բայց երրորդական քաղաքի կամ երկրորդական երկրի օդանավակայանը դա անպայման հպարտորեն նշում է: Կամ՝ Հարվարդը, երբ առաջարկում է իր ուսումնական ծրագրերը, գովազդում չի նշի, որ այն «էլիտար» բուհ է: Բայց նույն Միացյալ Նահանգներում կան բուհեր, որոնց անունն այնքան «բարձր ու վսեմ» չի հնչում, որ նրանք չգովազդեն իրենց «էլիտարությունը»:

Ճիշտ նույն ձեւով կարելի է օրինակ բերել Հայաստանի իրականությունից. եթե Մարզահամերգային համալիրում համերգ տա Շառլ Ազնավուրը, դժվար թե ազդագրում նշվի, որ նա «շանսոնի լեգենդ է»: Բայց եթե Ռուսաստանից գա «կալանավայրի պոետիկան» գովազդող որեւէ երգիչ, շատ հնարավոր է, որ նրան «ռուսական շանսոնի լեգենդ» անվանեն:

Քանի որ մոտենում է նախընտրական ինքնագովազդի շրջանը, ես էլ իմ կողմից մի քանի նկատառում հայտնեմ: Երբ թեկնածուն կամ կուսակցապետն ասում է՝ «ես այսինչ բանը կանեմ, եթե հաղթեմ», դա նորմալ է: Բայց եթե նա իր մասին խոսում է երրորդ դեմքով, եւ առավել եւս՝ երբ նա իր մասին ասում է՝ «Այսինչ Այսինչյանը էն մարդն է, որը…», կամ՝ «Սաղ ժողովուրդը գիտի, թե ինչ է Այսինչյան Այսինչը արել էս ազգի համար», իմացեք՝ հավակնորդի ենթագիտակցության ինչ-որ մի հեռավոր անկյունում կա անվստահություն, թերահավատություն իր ուժերի նկատմամբ:

Նմանատիպ հոգեբանական մեխանիզմը ստիպում է երեխային խոսել բամբ ձայնով, որպեսզի ընկալվի որպես մեծահասակ, կամ՝ կիագրագետ պաշտոնյաներն ու պատգամավորները թեկնածուական կամ դոկտորական թեզ են պաշտպանում, որովհետեւ զգում են իրենց մտավոր անլիարժեքությունը:

Սեփական ուժերի հանդեպ անվստահության հաջորդ դրսեւորումն է կուսակցությունների միավորումների անվանումների մեջ «ճակատ», «համաժողովրդական», «համազգային» բառերի ներառումը, որոնք իբր հավակնում են հասարակական կոնսոլիդացիայի, բայց իրականում արտացոլում են այդ միավորումների հատվածականությունը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ 7-8 հատ ճակատ կամ համազգային, համաժողովրդական շարժում չի կարող լինել: Եթե գտնվի մի գաղափար, որն ընտրությունների ժամանակ կհամախմբի ՀՀ քաղաքացիներին (էլ չասեմ՝ «ողջ հայությանը»), ապա որեւէ կուսակցական միավորման անհրաժեշտություն չի լինի:

Իսկ քաղաքական միավորների ամպագոռգոռ անունները դարձյալ անլիարժեքության բարդույթի դրսեւորումներ են: Վերջապես, եթե որեւէ քաղաքական գործիչ ներկայանա որպես «փրկիչ» կամ «փրկություն» բերող, իմացեք՝ նա ոչ միայն կոմպլեքսավորված մարդ է, այլեւ մարտնչող տգետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ