Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասում է, որ մեզ` լրագրողներիս, դուր գալու համար նա չի հրաժարվի «բիզնես կարգով» շրջագայելուց, եւ «էկոնոմ կլասի» ու «բիզնես կլասի» տարբերությունը կվճարի սեփական գրպանից։ Ճիշտն ասած, ինձ դուր է գալիս նոր կառավարության անդամների անկեղծությունն ու պոպուլիզմի բացակայությունը։ Կոնկրետ այս դեպքում էլ պաշտոնյան իրավացի է այն առումով, որ եթե որեւէ բան մարդու «սրտից չի գալիս», ապա պետք չէ դա անել՝ զուտ ուրիշներին դուր գալու համար:

Բայց ես այլ բան եմ փորձում հասկանալ. իսկ ինչի՞ համար է պետք սկզբունքորեն, ի հեճուկս ամեն ինչի, երթեւեկել «բիզնես կլասով», եթե քեզ՝ որպես պաշտոնյա, հասնում է «էկոնոմ կլասը»։ Ի՞նչ է դա՝ ինքնահաստատման ձե՞ւ, ուրիշներից հետ չմնալու ձգտո՞ւմ, սեփական հարստությունն ի ցույց դնելու ցանկությո՞ւն։ Դե, իհարկե, բոլոր մարդիկ, այդ թվում հարուստներն ունեն իրենց տարօրինակությունները. կուզեմ՝ զուգարանակոնքս ոսկուց կսարքեմ, կուզեմ՝ ամեն օր կոկորդիլոսի միս կուտեմ, եթե այդ հնարավորությունն ունեմ։ Բայց՝ դա այն դեպքում, երբ ես մասնավոր անձ եմ։ Սահմանափակումները սկսվում են այն դեպքում, եթե ես պետական պաշտոնյայի կարգավիճակ ունեմ։

Ենթադրենք, ես պետական պաշտոնյա եմ, եւ ինձ պետք է սպասարկի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա։ Ես կարող եմ օգտվել այդ մեքենայից կամ կարող եմ, եթե մոտ եմ ապրում, ոտքով գնալ գործի՝ դա ճաշակի հարց է։ Բայց պետական էթիկայի տեսակետից ճիշտ կլինի՞, եթե ես «վճարեմ տարբերությունը» եւ հասնեմ նրան, որ ինձ սպասարկի «Մայբախը» կամ «Ֆեռարին»։ Կամ՝ եթե պետությունն ինձ տալիս է մեկ քարտուղարուհի, ապա ես, ի վերջո, կարող եմ ինքս ինձ համար սուրճ եփել, բայց չեմ կարող, ինձ թվում է, վարձել իմ հաշվին եւս երեք քարտուղարուհի, որ ամեն մեկը սուրճ եփի տարբեր ժամերի։

Հարուստներին հասկանալն ընդհանրապես ծանր գործ է։ Նրանց ինչի՞ն է պետք 4 հարկանի առանձնատունը։

Միաժամանակ երկու անկողնո՞ւմ են քնում կամ երկու խոհանոցո՞ւմ են նախաճաշում, մի քանի ցնցուղի տա՞կ են լողանում։ Այդ իրենց պալատներում հաստատ սենյակներ կան, որտեղ ոչ նրանք, ոչ էլ նրանց ընտանիքի անդամները չեն էլ մտել։ Բայց կրկնեմ՝ այդ անհասկանալի շքեղությունը հարցեր է առաջացնում, երբ խոսքը պետական պաշտոնյաների մասին է։ Նախ՝ այն պատճառով, որ Հայաստանն աղքատ երկիր է, եւ բոլորը, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են համեստ աշխատավարձ։ Երկրորդ՝ տեսնելով այդ ճոխ կյանքը՝ մարդիկ ձգտում են պաշտոնների՝ հենց այդ ճոխությանը ձգտելով, ոչ թե պետությանը ծառայելու նպատակով։ Քանի մենք այս վիճակում ենք, մեզ պետք են եթե ոչ ժուժկալ, ապա, համենայնդեպս՝ զուսպ, ոչ աչքածակ պաշտոնյաներ։ Իսկ ավելի լայն իմաստով՝ նոր տեսակի վերնախավ։

Բայց կոնկրետ «բիզնես կլասով» թռչելու պարագայում բացառված չէ, որ կա պետական անհրաժեշտություն. ո՞վ գիտի, գուցե օդանավի այդ մասն ավելի շուտ է տեղ հասնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ