Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հայի գենի» մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են, ժամանակակից լեզվով ասած՝ «թրոլինգ»: Ռուսաստանում եւ այլ երկրներում ապրում են հազարավոր «զտարյուն» հայեր, որոնց ծնողները, տատերը, պապերը, կանայք եւ երեխաները հայ են, եւ որոնք, սակայն, կորցնում են կապը հայոց լեզվի եւ մշակույթի հետ, իրենց երեխաներին ու թոռներին դրդում են այդ ամենը մոռանալ: Եվ այդ երեխաներն ու թոռները նույնպես, շատ հավանական է, կամուսնանան հայերի հետ եւ «հայի գենն» ամբողջությամբ կպահպանեն, բայց շատ կարեւոր բան կկորցնեն ու կդառնան «հայկական արմատներով» ռուս կամ ամերիկացի:

Նրանք, ովքեր փոխում են իրենց ազգը, կրոնը, սոցիալական կարգավիճակը, հաճախ ավելի ագրեսիվ են լինում իրենց «նախկին կարգավիճակի» մարդկանց հանդեպ, քան օտարները: Թերեւս գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փորձում են ապացուցել, որ իրենց ընտրությունը ճիշտ էր, եւ նոր կարգավիճակը շատ ավելի գերադասելի է: Այդպես է, ի դեպ, նաեւ արտերկրում ապրող նախկին հայաստանցիների դեպքում, որոնք պատրաստ են, օրինակ, հավատալ, որ Հայաստանի փողոցներում մարդիկ ուշաթափ են լինում սովից՝ դա նրանց արտասահմանյան կյանքին իմաստ է տալիս: Այդպես բաժանված կանանցից ոմանք ատում են իրենց նախկին ամուսիններին:

Այդպիսիների համար կա հունական ծագում ունեցող «նեոֆիտ» բառը, որը կարելի է թարգմանել որպես «նոր մկրտված», «նոր հավատ ստացած», գուցե «շուռ տվա՞ծ»: «Գենի» մասին դատարկ խոսակցությունների փոխարեն գուցե խոսենք «շուռ տվածների» մասին: Ես նկատի ունեմ ոչ միայն ազգությունն ու կրոնը: Քվենթին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում կա մի ուշագրավ դրվագ: Գործողությունը ծավալվում է ԱՄՆ-ում՝ 19-րդ դարի կեսերին: Ստրկատիրոջ ավագ ծառան, սեղանապետը, որը սեւամորթ է, երբ տեսնում է մեկ այլ սեւամորթի, որը պատրաստվում է ապրել «իրեն վստահված տանը» որպես հյուր, սրտնեղած բողոքում է տիրոջը՝ «այդ կեղտոտ նիգերը քնելու է սպիտակ մարդկանց անկողնո՞ւմ»: Ինքը՝ սեղանապետը, մոռանում է, որ ինքը նույնպես սեւամորթ է, եւ հանդես է գալիս իբրեւ ավելի ագրեսիվ ռասիստ, քան սպիտակները:

Ահա այս դրվագն է, որ առավել ցայտուն կերպով ցույց է տալիս ստրուկի հոգեբանությունը: Որքան էլ նա փոխի իր կարգավիճակը, սեղանապետ կամ նույնիսկ օլիգարխ դառնա, նա չի ցանկանա ազատ ապրել եւ, իհարկե, չի ցանկանա նաեւ, որ ուրիշներն ազատ լինեն: Նրա ցանկությունն է ծառայել տիրոջը, որքան հնարավոր է շատ ստրուկներ ունենալ եւ վարվել նրանց հետ ճիշտ այնպես, ինչպես տերն է վարվում իր հետ:

Ստրկատիրությունը վաղուց արդեն վերացել է աշխարհի երեսից, ստրկամտությունը շարունակում է ապրել եւ բարգավաճել: Մարդը կարող է ապարանքներ, զբոսանավեր եւ շքեղ մեքենաներ ունենալ, բայց միեւնույն է՝ մնալ ստրուկ: Դրա «ախտանշանը» երեւում է շատ պարզ. նա իրենից թույլ, իրենից կախված մարդկանց հետ վարվում է ստրուկների նման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ