Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Գյումրիում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջին անգամ մասնակցած ԳԱԼԱ կուսակցությունն այժմ քննարկում է՝ մասնակցե՞լ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։ Տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումներ անցկացրած կուսակցությունն այժմ ներկուսակցական քննարկումների մեջ է, քննարկման հիմնական հարցն էլ մասնակցության նպատակահարմարությունն է։ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամ Քրիստինա Մկրտչյանը։

«Վերջնական որոշում չունենք, դեռ քննարկումներ են ընթանում, առաջարկներ եղել են։ Հիմա փորձում ենք հասկանալ՝ պե՞տք է մասնակցել, թե՞ ոչ»,- նշեց նա:

Հետաքրքրվեցինք ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը կախվա՞ծ է այն հանգամանքից, թե կուսակցությունը դաշինք կկազմի որևէ ուժի հետ, թե՞ ոչ. «Բնական է, եթե մասնակցենք, ապա այդ մասնակցությունը կլինի դաշինքային տարբերակով։ Չեմ թաքցնում, որ անցած ՏԻՄ ընտրությունները սառը ցնցուղ էին կոնկրետ ինձ համար։ Առանց դաշինքի մասնակցություն չեմ պատկերացնում»։

Հոկտեմբերի 2-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում այժմ «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստանը» Գյումրիում սատարեց ԳԱԼԱ-ին և ինքնուրույն մասնակցություն չունեցավ։ Քրիստինա Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այժմ «Ելք»-ից համագործակցության առաջարկ եղե՞լ է. «Նախ ասեմ, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մենք ընդդիմադիր կուսակություններին առաջարկեցինք, որպեսզի իրենք չդնեն թեկնածություն և սատարեն մեզ կամ մեր ցուցակով առաջադրվեն։ Կոնկրետ «Լուսավոր Հայաստանն» ընդունեց այդ առաջարկը, և իրենց կուսակցության անդամները տեղ ունեցան մեր համամասնական ցուցակում։ Ինչ վերաբերում է «Ելք»-ին, ապա, այո՛, «Ելք»-ի կողմից առաջարկ եղել է, այժմ մենք քննարկում ենք»։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Շիրակի մարզում Հանրապետական կուսակցության վարկանիշը շարունակում է ցածր մնալ, և այդ կուսակցությունն առաջիկա ընտրություններում էլ կաշխատի այնպես, ինչպես աշխատել է նախկինում: «Ռեյտինգայինն աշխատելու է հենց նույն մեծամասնականի տրամաբանությամբ, այսինքն՝ յուրաքանչյուրը, օգտագործելով իր ձեռքի տակ ունեցած վարչական ռեսուրսները, փորձելու է ինչքան հնարավոր է շատ ձայն հավաքել։ Իրենց համար էլ բավականին դժվար է լինելու, որովհետև առաջադրվողները շատ են։ Շիրակի մարզում Հանրապետական կուսակցությունից մոտավորապես 15 հոգի կառաջադրվի ռեյտինգային ընտրական համակարգով։ Մեկը մյուսի հետ մրցակցելու է, իրարից ձայն են տանելու։ ՀՀԿ-ին ձեռնտու է՝ ինչքան շատ ձայն հավաքեն, այնքան լավ։ Ակնհայտ է, որ առանձին անդամների միջև կլինեն խնդիրներ, որովհետև ըստ էության իրար հետ են պայքարելու ու մրցելու»,- եզրափակեց ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինա Մկրտչյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ