Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությանը շարունակում է մնալ համացանցում ամենաքննարկվող թեման: Երկու դրական պահ կցանկանայի շեշտել: Նախ՝ այն, որ Հանրային հեռուստատեսությունը հարցազրույցի է հրավիրել առաջին նախագահին, եւ դրանով, հուսամ, կամաց-կամաց հեռանում է քոչարյանական «Հայլուրի» ագրեսիվ, անհանդուրժող ոճից:

Երբ Ֆեյսբուքում այլ լրագրողներ սկսում են քննադատել ոչ թե հարցազրույց տվողի մտքերը, այլ հարցազրույց վերցնող լրագրողին («բա ինչո՞ւ էս հարցը չտվեցիր»), դա, ինձ թվում է, մասնագիտական խանդի շրջանակներում «հայկական չուզողության» դրսեւորում է: Ի դեպ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում նախկին նախագահներին դիմում են «պարոն նախագահ»:

Երկրորդ հաճելի պահն այն է, որ առաջին նախագահը առողջ, առույգ տեսք ունի եւ շարունակում է նույն հետեւողականությամբ առաջ քաշել իր գաղափարները: Ես չեմ պատրաստվում քննարկել այդ գաղափարներն ըստ էության, որովհետեւ վստահ եմ՝ դա փորձագետների, հարցի մեջ խորացած մարդկանց գործն է:

Փոխարենն ուզում եմ անդրադառնալ մեկ այլ՝ զուտ ֆեյսբուքյան ֆենոմենի. օգտատերերի մեծ մասը «2-3 շերտով» հեռու է քննարկման թեմայի սկզբնաղբյուրից: Ինչը նկատի ունեմ: Ենթադրենք, մեկը լսել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցը եւ սոցցանցում գրում է իր եզրակացությունը՝ «Լեւոնն ուզում է մեր հողերը հանձնել Ադրբեջանին» («շնորհակալություն, ձեր գրառումը տեղ է գտել մեր կայքում»): Այդ «լրատվությունը» հիմք ընդունելով՝ 10 հոգի, արդեն չծանոթանալով հարցազրույցին, տալիս է իր մեկնաբանությունը՝ «հող հանձնելը դավաճանություն է», «արյամբ ձեռք բերվածը թշնամուն չեն վերադարձնում» եւ այլն` այդպես է ձեւավորվում «երկրորդ շերտը»: Դրանից հետո 100 հոգի, չծանոթանալով առաջին մեկնաբանության հեղինակի գրառմանը եւ կարդալով միայն հիշյալ 10 հոգու մեկնաբանությունները, գրում են իրենց եզրակացությունները՝ «դե, ես միշտ էլ գիտեի, որ նա սիոնիստ է», «էս սաղ իշխանության խաղերն են» եւ այլն՝ դա արդեն «երրորդ շերտն է»: Եվ այսպես շարունակ: «Շերտերի» եւ դրանց «մասնակիցների» քանակը կարող է լինել անսահմանափակ, թվերը պայմանական են՝ նպատակս մեխանիզմը ցույց տալն էր:

Իհարկե, ֆեյսբուքում կարող է լինել նաեւ «գովաբանական» շերտերի շարան՝ «Լեւոնն աստված է, նա երբեք չի սխալվում»-«ով նրան բան է ասում, անգրագետ է»-«այդ դաշնակցականներն են կործանել առաջին հանրապետությունը»: Բայց համաձայնեք՝ Ֆեյսբուքում բացասականն ավելի «կայֆով» է կարդացվում:

Ցավոք, դա վերաբերում է ոչ միայն քաղաքականությանը: Ենթադրենք, Ֆոլքների «Շառաչ եւ ցասում» վեպը կարդացել է 100 հոգի, դրա հակիրճ համացանցային սեղմնագիրը (որը, բնականաբար, որեւէ աղերս չունի բուն ստեղծագործության հետ)՝ 500 հոգի, այդ սեղմագիրը կարդացողների դատողությունների հիման վրա մեկնաբանություններ անողները կարող են մի քանի հազարի հասնել: Որեւէ զուգահեռ չեմ տանում: Պարզապես գնահատում եմ բնօրինակը կարդացողներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ