Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններն ընտրությունների ժամանակ աշխատում են իշխանությունների օգտին: Առնվազն 22 տարի ես դրա մասին գրում եմ, եւ ինձ պատասխանում են՝ «ապացույցներ բեր»: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» այդ ապացույցները բերել է: Արդարացումները, թե դա սովորական նախընտրական ցուցակագրում է, ինձ չեն բավարարում. եթե քաղաքացիների որոշակի տվյալներ ինձ հայտնի են ի պաշտոնե, ոչ թե որպես ՀՀԿ-ականի, ես չպետք է դրանք օգտագործեմ իմ քաղաքական գործունեության մեջ: Դա եթե նույնիսկ կրիմինալ չէ, ապա էթիկայի կոպիտ խախտում է:

Սակայն եթե նույնիսկ ապացուցվի, որ 114 հոգի նույն խախտումներն են կատարել, եւ եթե նույնիսկ այդ տնօրեններն ազատվեն աշխատանքից, իսկ ՀՀԿ-ն ընտրություններին չմասնակցի, միեւնույն է՝ վաղը ուրիշ տնօրեններ աշխատելու են ուրիշ իշխող կուսակցության համար, ինչպես որ դա անում էին կոմունիստների եւ ՀՀՇ-ի ժամանակ: Որովհետեւ դպրոցը հանրային հոգեբանության եւ հսկայական համակարգի մի փոքր մաս է միայն: Համակարգ եւ հոգեբանություն, որոնք ձեւավորվել են դեռեւս Հայաստանի անկախացումից առաջ: Պատահական չէ, որ այսօր՝ անկախության 25-րդ տարում, դպրոցի ուսուցիչներին շարունակում են դիմել «ընկեր»-ով:

Ըստ այդմ՝ պետությունն ու իշխանությունը նույնն են, աշխատելով պետական հատվածում՝ դուք աշխատում եք իշխանության համար: Եվս մի կարեւոր «անկյունաքար». իշխանություններին կարելի է հայհոյել սեփական խոհանոցում՝ սկսած մոտավորապես 1960-ական թվականներից (դրանից առաջ բռնում էին), հրապարակներում, մամուլում՝ 1985 թվականից սկսած, հիմա արդեն՝ նաեւ համացանցում: Բայց երբ դու գնում ես պետական աշխատանքի (ոչ միայն դպրոց), դու քո հայհոյանքները քեզ ես պահում, ավել-պակաս չես խոսում եւ ենթարկվում ես «նաչալստվային», որովհետեւ հենց նրանից է կախված քո «հացն ու ջուրը»:

Ուսուցիչը ենթարկվում է «ընկեր տնօրենին», «ընկեր տնօրենը»՝ ժողկրթբաժվարին (հիմա, երեւի, անունը փոխվել է), վերջինս՝ ավելի բարձր «նաչալնիկներին»: Մարդիկ կարծում են, որ նրանք ուտում են ոչ թե պետության (հարկատուների), այլ իշխանության հացը, եւ պարզ է, որ, ինչպես ասում էր Օստապ Բենդերը, ամեն մի կալորիայի դիմաց տարբեր մակարդակի «պետերը» նրանցից պահանջում են բազմաթիվ մանր ծառայություններ: Մասնավորապես, ընտրությունների ժամանակ:

Այդ ամենում կա ընտրություններից ավելի կարեւոր եւ ավելի վատ բան՝ դպրոցների մեծ մասում դեռեւս «սովետ» է, եւ ոչ մի շանս չկա, որ այդպիսի դպրոցներում դաստիարակվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ