Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բոլոր մարդիկ կարող են ասել ճիշտ կամ սխալ բաներ՝ չկա մահկանացու, որը չի սխալվում: Հայաստանում, սակայն, ընդունված չէ պարզապես ասել՝ «դու սխալվում ես»:

Հենց որ մեր ականջի համար տհաճ բառ ենք լսում, առաջին հարցը, որ մենք տալիս ենք՝ «ասա, ո՞վ է քեզ ուղարկել»:

Այդ հարցը կարող ենք տալ ագրեսիվության տարբեր աստիճանով, կարող ենք նույնիսկ չբարձրաձայնել, բայց հենց դրա մասին ենք, որպես կանոն, մտածում առաջին հերթին: Ենթադրություններն այն մասին, թե «ով է քեզ ուղարկել», կամ իմ դեպքում՝ ում պատվերով եմ ես գրում, կարող են լինել զանազան, այդ թվում նաեւ՝ տարաշխարհիկ: Օրինակ՝ aravot.am-ի ֆեյսբուքյան էջում մեկը մեկնաբանություն է թողել, թե ես գրում եմ… «Լուբյանկայի», այսինքն՝ ռուսաստանյան անվտանգության ծառայության պատվերով: Բա, իհարկե, անձամբ Ֆելիքս Էդմունդովիչն է ինձ անդրշիրիմյան աշխարհից թելադրում:

Համացանցում Առաջին նախագահի ընդդիմախոսները լուրջ բանավեճի մեջ են: Բանավիճողները բաժանվել են երեք խմբի. 1/ Լեւոնը սիոնիստական, իսրայելյան, հուդամասոնական գործակալ է, 2/ Լեւոնը թուրքական, թուրանական, պանթուրքիստական, ադրբեջանական գործակալ է, 3/ Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի գործակալ լինելն, ըստ էության, նույնն է, որովհետեւ նրանց շահերը 100 տոկոսով համընկնում են: Այս վերջին խումբն առավել «ինտելեկտուալ է» եւ «կրթված», քանի որ ամբողջությամբ բաղկացած է աշխարհաքաղաքական խոշոր մասնագետներից:

Բանավեճում պարզապես սեփական կարծիքն ասելը թվում է թույլ ու անհամոզիչ: Այ, բացահայտել համաշխարհային դավադրություն, որի մասնիկն է քո ընդդիմախոսը՝ դա արդեն քո փաստարկները դարձնում է անբեկանելի: Դրա համար բուն ասելիքի վրա չարժե կենտրոնանալ, կարեւորը «պատվիրատուին», «ուղարկողին» գտնելն է, եւ դրանից հետո կարելի է փաստարկներ չբերել:

Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ Առաջին նախագահը պարզապես սխալվում է: Ընդ որում, նսեմացնելով ժողովուրդների գործոնը՝ նա սխալվում է ոչ թե այս պահը նկարագրելիս, որովհետեւ այսօրվա վիճակում հայերն ու ադրբեջանցիներն իսկապես չեն կարող լուծել Արցախի հարցը, ինչպես չեն կարող ձեւավորել քաղաքացիական իշխանություն եւ չեն կարող արդիականացնել իրենց երկրները: Չեն կարող եւ չեն ուզում:

Բայց սկզբունքային սխալը այն է, որ եթե «միջազգային հանրությունը» մեր ժողովուրդների վզին որեւէ լուծում փաթաթի (կարեւոր չէ՝ որքանով հայանպաստ կամ ադրբեջանանպաստ)՝ դա խաղաղության չի բերի, դա կբերի նոր բախումների եւ նոր թշնամանքի: Այնպես որ, Արցախի խնդիրն ի վերջո կլուծեն հայերն ու ադրբեջանցիները՝ այն ժամանակ, երբ լիարժեք, ժամանակակից պետություններ ունենան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ