Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հայաստանի քաղաքական կյանքում եւ հատկապես ընտրություններից առաջ հասարակությանը հրամցվում են սխալ, ապակողմնորոշող թեզեր, որոնք ձեւով «ընդդիմադիր» են, բայց բովանդակությամբ նպաստում են իշխանության ամենակարողության եւ անպարտելիության առասպելի ամրապնդմանը:

Տրամաբանական է ենթադրել, որ այդ թեզերի սկզբնաղբյուրը հենց իշխանությունն է:

Թեզ 1. Եթե այս կամ այն ընդդիմադիր քաղաքական կամ հասարակական գործչին չեն գնդակահարել, չեն ազատազրկել, եթե նա ազատ խոսում է հեռուստատեսությամբ եւ այլ լրատվամիջոցներով, եթե նա դառնում է Ազգային ժողովի պատգամավոր կամ ավագանու անդամ, ուրեմն «ինչ-որ ստվերային պայմանավորվածություն կա»:

Իհարկե, այդ թեզն առաջ են քաշում ընդդիմադիրները՝ փորձելով իրար վարկաբեկել, բայց ակնհայտ է, որ դա, ի վերջո, արժեզրկում է ցանկացած ընդդիմադիր գործունեություն, որն իրականացվում է օրենքի շրջանակներում: Օրինակ՝ քանի՞ անգամ եք այս մեկ ամսվա ընթացքում լսել, թե Կոնգրեսը պայմանավորվել է իշխանության հետ, որ մանդատ ստանա, եւ հենց այդ պատճառով է «Լեւոնն այդպես խոսում», ու դրա համար նրան հրավիրում են Հ1: Չարժե՞ արդյոք գոնե հիմա ասել՝ «ներեցեք, սխալվել ենք»:

Այդ հեքիաթը, որը տարածվում է նաեւ այլ ընդդիմադիր ուժերի վրա, խիստ ձեռնտու է իշխանություններին: Իբր, բոլորը տիկնիկներ են, որոնք ղեկավարվում են Բաղրամյան 26-ից:

Թեզ 2. «Ինչ էլ անես, մեկ է՝ կեղծելու են»: Հուսալքության, ապատիկ վիճակի եւ, թող ներվի ասել, գաղջ մթնոլորտի քարոզ է: Նախօրոք, ընտրություններից առաջ ասել, որ ամեն ինչ անիմաստ է, մասնավորապես՝ անիմաստ են բոլոր խոստումները, ելույթները, ծրագրերը: Դա «թարգմանաբար» նշանակում է՝ ինչ որ ասում են, մի լսեք, ոչինչ նշանակություն չունի, ամեն ինչ որոշված է:

Թեզ 3 (նախորդից բխող). «Դու կասկածո՞ւմ ես, որ ՀՀԿ-ն է անցնելու»: Այս եւ նախորդ ընտրությունների ժամանակ այդ թեզով էին «կերակրում» ընտրողներին, որպեսզի նրանք ընտրությունների չգնան կամ՝ որպեսզի գնան եւ փողով, ծանոթով, «ջիգյարով» կամ «թասիբով» ձայնը տան… ՀՀԿ-ին: Որովհետեւ՝ եթե ընտրությունների արդյունքները կանխորոշված են, ապա կարելի է կա՛մ մի քանի կոպեկ փող աշխատել, կա՛մ էլ քո քվեարկությամբ «լավություն անել» ընկերոջդ կամ բարեկամիդ: Բացի ամեն ինչից, դա նաեւ քաղաքական պայքարի ապօրինի ձեւերի՝ «ընդվզման», «ապստամբության» քարոզ է: Իսկ դրանք ջարդելը Հայաստանի պարագայում մեկից մեկ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ