Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Անկեղծ ասած, չեմ պատկերացնում Նիկոլ Փաշինյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Ինձ թվում է՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր նա շատ ավելի օգտակար բաներ կարող է անել: Բայց այն փաստարկները, որոնք այս՝ ավագանու ընտրություններին բերվում են Նիկոլի դեմ, որեւէ քննադատության չեն դիմանում:

«Երեւանցի չլինելու» մեղադրանքն ընդհանրապես անհեթեթ է: Ես նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչ է նշանակում «երեւանցի» բառը: Հավանաբար, ինչ-որ գավառական-քաղքենիական որակում է, որով ուղեղի երկուսուկես ծալք ունեցող «տղերքը» փորձում են ինքնահաստատվել: Երեւանը բոլոր հայերի մայրաքաղաքն է: Նաեւ իմ՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ ծնողներս Երեւանում չեն ծնվել ու մեծացել, իսկ ես հիմա Երեւանում չեմ ապրում:

Փաշինյանի դեմ հնչող երկրորդ նկատառումը՝ համայնք ղեկավարելու փորձ չունենալը, կարող է նշանակություն ունենալ միայն մասամբ: Ի վերջո, փորձ չունեցողը կարող է ճիշտ կազմակերպել փորձ ունեցող մարդկանց: Ենթադրում եմ, որ «Ելքը» ծանրակշիռ ներկայություն կունենա Երեւանի ավագանիում: Մի քանի մանդատ կունենա նաեւ «Երկիր Ծիրանին», քանի որ, ինչպես հայտնի է, այս դասավորության դեպքում «անցողիկ շեմ» չի լինի:

Մնում է, որ այդ երեք ուժերը ակտիվորեն աշխատեն ավագանիում: Ընտրվել եւ մանդատները չվերցնել, ինչպես որ դա 2009 թվականին արեց «Կոնգրեսը», ինձ ճիշտ չի թվում: Որովհետեւ, ինչպես խորհրդարանում, այնպես էլ ավագանիում, նույնիսկ փոքրամասնություն լինելով, կարելի է շատ բանի հասնել: Պարզապես մանդատը պետք է դիտել ոչ թե որպես քո անձնական արժանիքների գնահատական (դրա համար վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումներ կան), այլ այդ բառի ուղիղ իմաստով:

Չէ՞ որ mandatum լատիներենից թարգմանած նշանակում է հանձնարարություն, հրաման: Այսինքն՝ մարդը կատարում է իրեն խորհրդարան կամ ավագանի ուղարկած մարդկանց հանձնարարությունը: Այդպես էին 4-րդ գումարման Ազգային ժողովում աշխատում «Ժառանգություն» խմբակցության բոլոր անդամները: Այդպես էր «հեռացող» խորհրդարանում աշխատում ՀԱԿ խմբակցության մեծ մասը, ինչպես նաեւ` Էդմոն Մարուքյանը, Թեւան Պողոսյանը, ուրիշները: Այդպես է հիմա ավագանիում իր գործն անում Անահիտ Բախշյանը: Հիմա, նոր օրենքներով, խորհրդարանն ու ավագանին աշխատանքի ավելի լայն հնարավորություններ են ստեղծելու:

Իսկ չմտածել այնպես, ինչպես մտածում է մեծամասնությունը, այնքան էլ վատ չէ: Իմ փորձից գիտեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ