Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինչի՞ համար են Սասի Արտակը եւ նրա նմանները ցանկանում պատգամավոր դառնալ: Օրենսդրական աշխատանքը նրանց ակնհայտորեն չի հետաքրքրում, որեւէ ամփոփ միտք արտահայտող նախադասություն նրանք ի վիճակի չեն արտաբերել: Այդ պերսոնաժները կամ ընդհանրապես չեն գա Ազգային ժողով, կամ էլ 5 տարի կնստեն՝ առանց ծպտուն հանելու:

Դուք կասեք՝ նրանց պետք է պաշտպանել իրենց սեփականությունը, ստանալ անձեռնմխելիություն եւ այլն: Եթե նրանք այդպիսի հաշվարկ են անում, ապա կատարյալ հիմարներ են, որովհետեւ փորձը ցույց է տալիս՝ այդպիսիներին սնանկացնելն ու փողոց շպրտելը 5 րոպեի հարց է: Իսկ ես, որքան էլ այդ, այսպես կոչված, «գործարարներին» վատ վերաբերվեմ՝ չեմ կարծում, որ նրանք հիմար են՝ կենցաղային խելք ու խորամանկություն նրանք, անշուշտ, ունեն:

Հետեւաբար պատճառները պետք է փնտրել «հոգեւոր» ոլորտում: Իսկ «հոգեւորը» նրանց համար ամփոփվում է մեկ կարճ նախադասության մեջ՝ «կայֆ ա տալըմ»: Նրանց տեսանկյունից ինչ-որ բանդիտական «պոնտ» կա պատգամավորի մանդատ ունենալու մեջ: Եվ այդ, ըստ էության, դատարկ քմահաճույքի համար նրանք պատրաստ են նվաստանալ եւ նվաստացնել ուրիշներին:

Համացանցում տարածվել է Սասի Արտակի նախընտրական («ձայն բերողների») թիմի ժողովներից մեկի ձայնագրությունը: «Տասնապետը» կամ «հարյուրապետը» մի լավ «տոկի է տալիս» իր ենթականերին՝ սպառնալով քիչ ձայն բերելու դեպքում նրանց ազատել աշխատանքից՝ ըստ ամենայնի, «Սաս գրուպից»:

Ինձ թվում է՝ այստեղ կրիմինալ, այնուամենայնիվ, կա. որեւէ մեկը չի կարող իր աշխատանքային իրավահարաբերությունները պայմանավորել նրանով, թե որքանով է իր վարձու աշխատողը բավարարում նրա «քաղաքական» ամբիցիաները:

Բայց խնդիրն ավելի խորքային է. նախընտրական շրջանում այդպիսի ժողովներ անցել են հարյուրավոր հիմնարկներում՝ մասնավոր ընկերություններում, դպրոցներում (ինչն ապացուցվեց), հիվանդանոցներում, թաղապետարաններում եւ այլն: Թե ինչ է նշանակում «ձայն բերել», մենք նույնպես շատ լավ գիտենք: Եվ ամենաէականն այստեղ ոչ թե «տասնապետի» սպառնալիքներն են, այլ հլու-հնազանդ զանգվածի լռությունը:

Ստրկացնելու ցանկություն կարող է ունենալ միայն իր էությամբ ստրուկը: Ստրուկը նվաստացնում է «հարյուրապետերին» եւ «տասնապետերին», նրանք էլ՝ իրենց հպատակներին: «Կայֆ ա տալըմ»: Որտեղի՞ց այդքան շատ ստրուկ՝ դժվար է ասել:

Հիշո՞ւմ եք Դովլաթովի տողերը. «Մենք անվերջ հայհոյում ենք ընկեր Ստալինին եւ, իհարկե, իրավամբ: Այդուհանդերձ, թույլ տվեք հարցնել՝ իսկ ո՞վ է գրել 4 միլիոն մատնագիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ