Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Անցած խորհրդարանական ընտրությունների մասին ասվել է ամեն ինչ: Որ գլխավոր դերն են խաղացել վարչական լծակները, պետական հիմնարկների տնօրենների եւ մասնավոր ընկերությունների սեփականատերերի ճնշումները եւ, իհարկե, փողը, ինչն, իմ կարծիքով, միանգամայն համապատասխանում է իրականությանը:

Որ ՀՀԿ-ն իրեն է հավելագրել կես միլիոն ձայն, կամ որ քվեարկություն է կատարվել 100 հազար գոյություն չունեցող հասցեներից՝ այդ երկու պնդումներն էլ ես չեմ կարող ապացուցված համարել: Սակայն ոչ մի ընդդիմադիր, որքան գիտեմ, չի բողոքել, որ լրատվամիջոցները չեն ստեղծել քարոզչության՝ բոլորի համար հավասար պայմաններ:

Դուք չեք կարող համեմատել այս նախընտրական շրջանի Հ1-ի «Օրակարգը» 2003 թվականի նախընտրական «Հայլուրի» հետ, որն իր ամեն մի թողարկման մեջ թույն ու թարախ էր շնչում ընդդիմության նկատմամբ: Երբեմն ասուլիսներում Հ1-ի լրագրողներն ամենասուր հարցերն են տալիս: Փոխվել են նաեւ մյուս հեռուստաալիքները: Լիակատար ազատություն է համացանցում՝ ոմանց դա գուցե նյարդայնացնում է, բայց ինձ թվում է՝ ավելի լավ է այսպես, քան ինչ-որ մեկը չկարողանա իր կարծիքն ու էմոցիաներն արտահայտել:

Այդքանով հանդերձ՝ որոշ ընդդիմադիրներ խոսում են «վախի մթնոլորտի» մասին: Երկու ամսվա ընթացքում՝ պայմանականորեն ասած, փետրվարի 2-ից մինչեւ ապրիլի 2-ը ես անցկացրել եմ մի քանի տասնյակ հարցազրույցներ եւ ինչ-որ չեմ նկատել, որ որեւէ ընդդիմադիր վախենա ամենախիստ գնահատականները տալ իշխանությանը: Նրանցից ոմանք ասում էին, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է եւ, հավանաբար, որպես դրա ապացույց շարունակում էին իրենց խիստ քննադատությունը:

Դպրոցների տնօրենները վախեցա՞ծ են: Իսկ ինչո՞ւ Աշոտ Բլեյանը վախեցած չէ: Ինչո՞ւ վախեցած չէ պետական կարգավիճակ ունեցող Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Ինչո՞ւ վախեցած չէ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Վախենալը խիստ անհատական դրսեւորում է: Ով որ գերադասում է վախենալ` կվախենա: Մթնոլորտն այստեղ կապ չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ