Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 27-ի նիստում սոցապնախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է ինն ամիս հետո ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի բարեփոխված նախագիծ, որի նպատակը պետք է լինի աշխատանքային պայմանների բարելավումն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը:

Հայաստանում աշխատաշուկայի ներկայիս վիճակի պարագայում Աշխատանքային օրենսգրքի հարցը ոչ միայն հրատապ է, այլեւ նույնիսկ ուշացած: Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, թե օրենսգրքի առկայությունից զատ՝ ինչպիսին է լինելու դրա կիրառումը: Այժմ գործատու-աշխատող հարաբերությունն ավելի շատ հիշեցնում է ֆեոդալ եւ ճորտ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ստրկատեր եւ ստրուկ հարաբերություն: Իհարկե, այդ ամենը բարեբախտաբար ոչ միշտ ունի ֆիզիկական դրսեւորում, սակայն բնույթի, էության առումով իրավիճակը, դժբախտաբար, այդպիսին է զգալի մասով:

Հետեւաբար այն, իհարկե, պետք է փոխվի, սակայն թղթի վրա փոփոխությունը դեռ ամենեւին բավարար չէ իրական փոփոխության համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ առկա իրավիճակի պատճառը քաղաքական է՝ Հայաստանում խոշոր կապիտալի եւ քաղաքականության սերտաճումը, երբ քաղաքական որոշումներ կայացնողը այն մարդիկ են, որոնք էլ նաեւ հիմնական, խոշոր գործատուներն են: Աշխատակիցները այդ պարագայում նրանց համար վարչական ռեսուրս են քաղաքական իշխանության հասնելու կամ այդ իշխանությունը վերարտադրելու ճանապարհին:

Այդ իրավիճակի վառ վկայությունը խորհրդարանի ընտրությունից հետո տարածված ձայնագրությունն էր «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների ժողովից, որտեղ քննարկվում էր սեփականատեր Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի» համար ձայն բերելու խնդիրը: Այդ ձայնագրության ֆոնին Կարեն Կարապետյանի հանձնարարությունը դառնում է առավել ուշագրավ՝ ստանալով նոր երանգ՝ ինտրիգի իմաստով:

Այդ հանձնարարությամբ ըստ էության ստացվում է «Կարեն Կարապետյանն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի» իրավիճակ: Բայց «ՍԱՍ-ի Արտակն» այս դեպքում արդեն համակարգային երեւույթ է, այսպես ասած՝ խոշոր կապիտալի մի մասի հավաքական կերպարը կամ շահերի հավաքական արտահայտումը:

Եթե Կարեն Կարապետյանն իսկապես մտադիր է արմատապես վերանայել Աշխատանքային օրենսգիրքը եւ պաշտպանել աշխատողների իրավունքները, ապա դա նշանակում է լրջորեն խարխլել, այսպես ասած, օլիգարխիկ սեգմենտի «քաղաքական վերարտադրության» հիմքերը: Մինչդեռ ամենաուշագրավն այն է, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր հենց այդ սեգմենտը, եւ հենց այդ սեգմենտն է ձայն բերել ՀՀԿ-ին 50+1 մեծամասնություն ստանալու համար: Եվ այդ ձայների զգալի մասը բերվել է նաեւ հենց ներկայիս «աշխատանքային օրենսգրքի» պայմանների շնորհիվ՝ բառի, այսպես ասած, պատկերավոր իմաստով:

Հետեւաբար ստացվում է, որ վարչապետը հանձնարարում է կտրել այն ճյուղերից մեկը, որի վրա վերարտադրվել է ՀՀԿ-ն, եւ որի վրա նստած է այդ վերարտադրության կարեւոր սեգմենտը՝ օլիգարխիայի գոնե մի մասը: Այդ մասը գնալու է նաեւ խորհրդարան, թեեւ դեռ պարզ չէ, թե հատկապես՝ ով: Իսկ Աշխատանքային օրենսգիրքը պետք է հաստատվի հենց խորհրդարանում, որտեղ ՀՀԿ խմբակցության ստատուս քվոյի հարցը առ այսօր մնում է բաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ