Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ արտահերթ նիստը քննարկում է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը:

Իհարկե, փոփոխություն ասվածը տվյալ դեպքում չափազանցություն է, որովհետեւ ընդամենը կառավարության աշխատակազմի ղեկավարը զրկվում է նախարարի կարգավիճակից, այսպես ասած՝ ապաքաղաքականացվում է:

Սա մի կողմից՝ նոր Սահմանադրության պահանջն է, որ նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը, մյուս կողմից՝ հարմարեցված է համակարգային զարգացումների տրամաբանությանը, երբ «արդյունավետ» է համարվել, որ Դավիթ Հարությունյանը Կարեն Կարապետյանին պետք է «վերահսկի» արդարադատության նախարարի պաշտոնում: Այ, իսկական կառուցվածքային «հեղափոխություն» սպասվում է հաջորդ տարի, երբ գործադիրի կառուցվածքն ամբողջովին կհամապատասխանեցվի սահմանադրական փոփոխություններին:

Իրավիճակին լրացուցիչ դրամատիզմ է հաղորդում այն հանգամանքը, որ այդ ամենը տեղի է ունենալու իշխանության փոխանցման կամ վերարտադրության գործընթացում եւ դրա տրամաբանությամբ: Համաձայն 2015 թվականի դեկտեմբերին ընդունված սահմանադրական բարեփոխումների՝ երբ երկիրը վերջնականապես անցում կատարի կառավարման խորհրդարանական համակարգին, գործադիր իշխանությունը պետք է հաշվետու լինի Ազգային ժողովին։ Ուստի կառավարությանն առընթեր մարմինները կամ պետք է նախարարություններ դառնան, կամ ներառվեն որեւէ նախարարության կազմում։

Ավելորդ է ասել, թե ինչ առանցքային նշանակություն է ունենում, օրինակ, այն հարցը, թե ինչպիսի կարգավիճակ են ունենալու ոստիկանությունն ու ՊԵԿ-ը: Դրանք ոչ միայն մեծ կարեւորություն ունեցող պետական կառույցներ են, այլեւ կարեւոր գործիքներ, որոնցով իշխանության առանցքային խաղացողները կանոններ են հաստատում համակարգի ներսում, ապահովում են ուժերի բալանսը, իշխանության եւ օլիգարխիայի, իշխանության եւ կրիմինալի հարաբերությունները:

Այս համակարգերը կարեւոր են նաեւ այն նշային ֆիգուրներով, որոնք դրանց ղեկավարման ղեկին են: Սերժ Սարգսյանի ամենավստահելի կադրերից մեկը՝ Վլադիմիր Գասպարյանը, ղեկավարում է ոստիկանությունը, Կարեն Կարապետյանի «աջ ձեռքը»՝ Վարդան Հարությունյանը, ՊԵԿ-ի ղեկավարն է: Այս երկու գերատեսչությունները հիմա էլ ապրում են համակարգային տեղատվությունների տրամաբանությամբ. երբեմն հաշտ են, այլ դեպքերում հակադրվում են. օրինակ՝ հիմա ոստիկանությունը բառիս բուն իմաստով «օկուպացրել» է Մաքսայինը: Հաջորդ տարի Վարդան Հարությունյանի քաղաքական ճակատագիրը կարող է լուծվել ակամայից: Նա դեռ չի մերվել համակարգին եւ ըստ էության կարող է մոռացվել, եթե Կարեն Կարապետյանը 2018-ին հեռանա, իսկ եթե վերջինս պահպանի վարչապետի պաշտոնը, փորձելու է Հարությունյանի դեմքով նոր սուպերնախարար կերտել՝ նրա գերատեսչությունը խցկելով ֆիննախ, իսկ իր հովանավորյալին «նվիրելով» նախարարի պաշտոնը:

Ավելի բարդ ու բազմաշերտ է Վլադիմիր Գասպարյանի պարագան, ով կարող է մնալ, անկախ այն հանգամանքից՝ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով գնում, թե մնում է: Նա կարող է հեռացող Սարգսյանի «աչքն ու ականջը» լինել նոր համակարգում՝ զրոյացնելով դրա ֆորմալ ղեկավարի կշիռը ու նախապատրաստելով գործող նախագահի վերադարձը, կարող է մնացող Սերժ Սարգսյանի շարժիչ ուժը լինել նոր համակարգի կայացման գործընթացում:

Պարզ չէ՝ ինչպիսի կարգավիճակ կունենա ոստիկանությունը մեկ տարի անց, բայց Գասպարյանը հաստատ ինչ-որ նախարարի ենթակա չի լինի եւ, եթե շարունակի մնալ իշխանության մեջ, լինելու է սուպերնախարար՝ ենթադրյալ ՆԳՆ-ում, թե ՊՆ-ում, իսկ գուցե փոխվարչապետի կարգավիճակում:

Առջեւում համակարգային հեղափոխությունն է, իսկ խորհրդարանական այսօրվա քննարկումները դրանց ցուցադրական փորձերն են, որոնց խորքերում խնամքով թաքցվում է 2018-ի ինտրիգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ