Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին տված հարցազրույցում Էդուարդ Շարմազանովն ասել է, թե 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնն իրականացնել անվտանգության դոկտրինը: ՀՀԿ խոսնակի ասածին դժվար է հակափաստարկ բերելը, որովհետեւ, ինչքան էլ անորակ լինի Հայաստանի իշխանությունը, դրա ձեւավորման հիմքում առաջնայինը լինելու է անվտանգության բաղադրիչը: Այլ կերպ չի կարող լինել մի երկրի պարագայում, որն ունի չկարգավորված հակամարտություն եւ փակ սահմաններ իր երկու հարեւանների հետ:

Երբ առաջին պլան ենք բերում անվտանգության հարցը, պարզ է դառնում, որ Շարմազանովն, ըստ էության, խոսում է Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարի մասին ու նույն այդ հեռանկարը բացառում է Կարեն Կարապետյանի համար:

Կարեն Կարապետյանի կերպարն ու անվտանգության խնդիրն առհասարակ չեն մեկտեղվում, որովհետեւ վարչապետության յոթ-ութ ամիսներին մենք այդպես էլ չենք լսել, թե ԼՂ խնդրի կարգավորման կամ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ինչ տեսլական ունի Կարապետյանը: Արտաքին քաղաքականության ընդամենը մեկ հարցի է անդրադարձել Կարեն Կարապետյանը եւ, ըստ էության, ասել է, որ Հայաստանի եվրասիականացումն այլընտրանք չունի:

Իհարկե, նույն «գծի» մեջ է նաեւ Կարապետյանի «մրցակից» Սերժ Սարգսյանը, սակայն նա այնքան փորձառություն ունի, որ իր «եվրասիականությունը» ներկայացնում է որպես մոսկովյան պարտադրանք, ճնշում, որոնց նա տրվել է` իբրեւ թե անվտանգության գլխավոր խնդրում` ԼՂ հարցում, սպառնալիքները չեզոքացնելու նպատակով:

Բացի այդ, Սարգսյանն, ի տարբերություն Կարապետյանի, փորձում է դիվերսիֆիկացնել անվտանգության հարցը: Համենայնդեպս, Եվրամիության հետ նոր պայմանագիրն ասոցացվում է ոչ թե Կարապետյանի, այլ Սարգսյանի անձի հետ, ով հաճախ է սիրում Բրյուսելում լուսանկարվել եվրոպական պաշտոնյաների հետ: Ի դեպ, նույն ֆոտոսեսիաների հարցում` Կարապետյանն անհամեմատ զիջում է Սարգսյանին եւ իր ակտիվում ունի համատեղ մի քանի լուսանկար Մեդվեդեւի եւ եվրասիական մի քանի դիկտատորների «կասիրների» հետ:

Երբ Էդուարդ Շարմազանովն ասում է, թե 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնը իրականացնել անվտանգության դոկտրինը, ապա պարզորոշ ակնարկում է, որ ՀՀԿ-ն արդեն կայացրել է որոշումը` վարչապետության հեռանկար բացելով Սերժ Սարգսյանի համար եւ ցտեսություն ասելով Կարեն Կարապետյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ