Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բնականաբար, ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ, թե ոստիկանությունը «Սասնա ծռերի» նկատմամբ «համաչափ ուժ» է կիրառել: Եթե ամբաստանյալը եւ որեւէ այլ քաղաքացի կռվի մեջ է մտնում ոստիկանի հետ, ապա վերջինս պետք է այնքան սառնասիրտ եւ պրոֆեսիոնալ լինի, որ առանց ավելորդ շարժումների նրա ձեռքերը ոլորի, ձեռնաշղթա հագցնի եւ տանի խուց: Բայց մեր ոստիկաններին (ավելի շուտ, «մըլիցեքին») մենք գիտենք` «արա, նա ինձ մեր քրֆեց…»: Մի խոսքով՝ ենթադրում եմ, որ տեղի է ունեցել հանցագործություն, որի համար այդ ոստիկանները պետք է կանգնեն դատարանի առջեւ:

Բայց եթե դու իշխանության կամ «Սասնա ծռերի» քարոզիչը չես, լրագրող ես եւ վերլուծություն ես գրում, ապա խնդիրը պետք է լուսաբանես հնարավորինս հավասարակշռված եւ բազմակողմանի: Ո՞ւմ է ձեռնտու, որ «Ծռերի» եւ Սեֆիլյանի դատավարությունն ընթանա դռնփակ: Իհարկե` իշխանություններին. նրանք շահագրգռված են արագ-արագ դատել զինված ապստամբության ջատագովներին եւ ազատվել գլխացավանքից: Իսկ ամբաստանյալները եւ նրանց կողմնակիցնե՞րը:

Նրանք շահագրգռված կարող են լինել միայն այն պարագայում, եթե իրենց գլխավոր նպատակն է ասել` «տեսեք, ինչ բռնապետություն է` դռնփակ դատավարություն են անում»: Բայց մի անգամ կամ մի քանի օր նման բան ասելը առանձնապես մի լուրջ նպատակ չէ` համեմատած դռնբաց դատավարության ժամանակ քաղաքական նպատակների մասին բարձրաձայնելու հետ:

Եթե հիշյալ երկու գործերով ամբաստանյալները ոտքի կանգնեն, երբ դատարանն է գալիս, եւ նստեն, երբ դատավարությունն է ընթանում, եթե նրանք չգոռան, չհայհոյեն, չաղմկեն, ոստիկանների եւ կարգադրիչների հետ կռիվներ չսարքեն, ապա իշխանությունը ոչ մի հիմք չի ունենա իր համար ցանկալի դռնփակ դատավարության անցնելու:

Ժամանակին դատական նիստի ընթացքին չեն խանգարել Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Մանվել Եղիազարյանը, Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Շանթ Հարությունյանը եւ բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ, երբ ամբաստանյալի աթոռին էին (մի կողմ թողնենք, թե ով ինչում է մեղավոր կամ անմեղ):

Ի՞նչ է, նրանք հավատո՞ւմ էին հայաստանյան արդարադատությանը կամ կարծում էին, թե դատարանն անկա՞խ է: Ակնհայտորեն՝ ոչ: Պարզապես նրանք կարեւորում էին դատարանում իրենց ճշմարտությունը, իրենց ուղերձը հրապարակելը, ոչ թե ամեն մի նիստին իրարանցում սարքելը: Եթե, իհարկե, կրկնեմ՝ գերնպատակը դռնփակ դատավարությունը չէ:

«Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանը դատարանի դահլիճում զինված քաղաքական պայքարի կոչ արեց: Թեեւ պայքարի այդ ձեւը ներկայիս Հայաստանում ես համարում եմ փակուղային, այնուամենայնիվ, այդ հայտարարությունն, իմ կարծիքով, ողջունելի է նախ` այն պատճառով, որ անկեղծ է, երկրորդ` սահմանազատում է զինված քաղաքական պայքարի կողմնակիցներին եւ հակառակորդներին: Ամբաստանյալների գլխավոր նպատակը պետք է լինի, կարծում եմ, զինված պայքարի անհրաժեշտության հիմնավորումը: Բայց ինչպե՞ս է հնարավոր որեւէ բան հիմնավորել, եթե ինքդ աղմուկ-աղաղակ ես սարքում եւ նիստերը տապալում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ