Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Նրանք, ովքեր այս օրերին երեկոյան զբոսնում են Երեւանի կենտրոնով, հավանաբար, գոհ կմնան մեր մայրաքաղաքից՝ բացօթյա սրճարաններ, ռեստորաններ, փաբեր, երաժշտություն, դյութիչ հոտեր, բազմալեզու ձայներ: Չեմ կարծում, որ այդ առումով Երեւանը զիջում է որեւէ եվրոպական քաղաքի:

Մի բան էլ առավելություններ ունենք: Նախ՝ զվարճանքի վայրերի մեծ մասն աշխատում է մինչեւ ուշ գիշեր, մի քանիսն էլ շուրջօրյա են: Երկրորդ՝ ի տարբերություն բազմաթիվ այլ քաղաքների, այստեղ անվտանգ է, կարող ես կենտրոնական փողոցով քայլել թեկուզ գիշերվա ժամը 3-ին կամ 4-ին՝ քիչ է հավանականությունը, որ քեզ հետ որեւէ բան կպատահի: Բայց նաեւ քիչ հավանական է, որ որեւէ զբոսաշրջիկ Հայաստան կգա միմիայն Երեւանի կենտրոնում զբոսնելու նպատակով:

Իսկ ահա մնացած չափանիշներով մենք զիջում ենք թե՛ հարեւաններին եւ թե՛ Եվրոպային: Դեպի Երեւան ավիատոմսերն ավելի թանկ են, քան դեպի Թբիլիսի կամ, առավել եւս՝ Քութայիսի, ինչի պատճառով, ի դեպ, հատկապես մեր երիտասարդներն են գերադասում թռչել Վրաստանից: Հայաստանի բարձր եւ միջին կարգի հյուրանոցներն ավելի թանկ են, քան նույնատիպ հյուրանոցները, ասենք, Հունաստանում եւ Իսպանիայում՝ էլ չասած Վրաստանի, Թուրքիայի եւ Եգիպտոսի մասին: Դեպի Հայաստանի հիմնական տեսարժան վայրերից մեկը՝ Գառնի ավտոճանապարհը, պարզ ասենք, տանջալից է: Մի շարք այլ ավտոճանապարհների վիճակը նույնպես ողբալի է: Բացի այդ, մենք այդպես էլ չկարողացանք կառուցել արագընթաց մայրուղի, մինչդեռ Վրաստանում այդ մայրուղին ձգվում է հարյուրավոր կիլոմետրեր:

Բայց կա մի խնդիր, որը հսկայական ներդրումներ չի պահանջում, եւ որը, սակայն, Հայաստանում չի լուծվում: Խոսքը, այսպես ասենք, հիգիենայի մասին է: Ենթադրենք, ես կարգապահ զբոսաշրջիկ եմ կամ տիպիկ հայաստանցի չեմ եւ գետի մոտ անցկացրած իմ խնջույքի բոլոր հետքերը մաքրում եմ, հավաքում եմ մի պարկի մեջ, որպեսզի գցեմ աղբարկղի մեջ: Բայց մեր մայրուղիներում «հասարակական» աղբարկղեր չկան, «օբյեկտներն» ունեն իրենց աղբարկղերը, բայց այնտեղ քո «քեֆի աղբը» չես թափի: Ուստի եւ ստիպված ես քշել մինչեւ Երեւան եւ օգտվել «Սանիտեկի» ծառայությունից: Հանրապետության մասշտաբով «Սանիտեկ» գոյություն չունի:

Զուգարանների վիճակն ավելի վատ է: Բենզալցման եւ գազալցման կայաններում կան զուգարաններ, բայց այնտեղ առանց հակագազի չես կարող մտնել: Հայտնի (եւ այժմ չաշխատող) բիոզուգարանների «զույգը», հիշեցնենք, արժեր 314 հազար դոլար, եւ այդ գումարով կարելի էր սարքել առնվազն տասը նորմալ զուգարան: Բայց նորմալներն էլ գործում են «տեղական առանձնահատկություններով»:

Ենթադրենք, դուք ուզում եք այցելել զուգարան որեւէ տեսարժան վայրի մոտ գտնվող տարածքում: Մեխանիզմը հետեւյալն է՝ դուք ասում եք «ստայանչիկին», վերջինս ձեր ցանկության մասին տեղյակ է պահում պահակին, պահակը բարձրաձայն կանչում է տիկին Վարդուշին, որը եւ գալիս է հեռուներից, զուգարանի թղթի կտորը հեռվից թափահարելով՝ որպեսզի իր բանալիով բացի զուգարանը, ստանա իր 100 դրամը եւ հետո փակի ու հեռանա: Զբոսաշրջիկի մեջ զուգարան գնալու ցանկությունն իսկույն վերանում է: Այնպես որ՝ խնդիրը միայն ծով չունենալը չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ