Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Գիտական հետազոտություններն» այն մասին, թե որ ազգն է իրեն ամենաերջանիկը համարում, որ ազգի կանայք են ամենագեղեցիկը, ում եղունգներն են ամենաերկարը, որի գենն է ամենահինը եւ այլն, իմ մեջ, մեղմ ասած, կասկածներ են առաջացնում: Դա, իմ կարծիքով, միանգամայն պիտանի է ամառային թեթեւ ընթերցանության համար, ինչպես, օրինակ, գուշակությունները, թե որ կենդանակերպի նշանի տակ ծնվածին ինչ է սպասվում վաղը, մյուս շաբաթ կամ մյուս ամիս: Երկուսն էլ պարզապես զվարճանալու համար են՝ ովքեր հավատում են, կարծում եմ, չափազանց միամիտ են: «Ամենա-» քաղցր, խելացի, շատակեր, ազատատենչ եւ այլն ազգերի մասին «բրիտանացի գիտնականների» հետազոտությունները նույն արժեքն ունեն:

Համարձակվեմ անգամ ասել, որ «կոռուպցիայի ընկալման համաթիվը» նույնպես աստվածաշնչյան ճշմարտություններ չի ներկայացնում. եթե «ընկալում» է, ապա՝ սուբյեկտիվ: Ես կարող եմ ամբողջ օրը գոռալ՝ «սաղ գող են ու կաշառակեր»՝ ինքս նրանցից մեկը լինելով: Իմ «ընկալումն», այդպիսով, ոչ մի կոպեկի գին չի ունենա: Եվ ահա հիմա էլ պարզվեց, որ մենք հետխորհրդային տարածքում «ամենաբարոյական» ազգն ենք: Ինչո՞ւ: Որովհետեւ պարբերականներից մեկը հարցումներ է հրապարակել, թե ինչպես են այդ ազգերի ներկայացուցիչները վերաբերվում տարբեր «բարոյական» խնդիրներին:

Հետաքրքիրը ոչ թե այն է, թե ինչպես ենք մենք հայտնվել նման «առաջատար դիրքերում», այլ այն, թե ինչն են հարցման կազմակերպիչները դիտում բարոյականության հարթության վրա: Ընտրված թեմաներից միայն մեկը կապ ունի բարոյականության հետ՝ աբորտը: Ենթադրենք, Հայաստանում ավելի շատ, քան այլ երկրներում, դա անբարոյականություն են համարում: Սակայն ինչպես եւ կոռուպցիայի դեպքում, մի բան է «համարելը», այլ բան է՝ ապրել քո այդ կարծիքին համապատասխան:

Մնացած բոլոր չափանիշներն, իմ կարծիքով, բարոյականության տեսանկյունից «չեզոք» են: Օրինակ՝ սեռական հարաբերությունները ամուսնությունից առաջ ցանկացած մարդու անձնական գործն է, դրա առկայությամբ կամ բացակայությամբ հնարավոր չէ որոշել մարդու բարոյականության աստիճանը (եթե ընդհանրապես որեւէ մեկը նման խնդիր է դնում): Նույնը՝ սեռական կողմնորոշումը. ո՞ւմ ինչ գործն է՝ ով է ավելի բարոյական՝ «նատուրալ» մարդասպանն ու կաշառակե՞րը, թե՞ միասեռական օրինապաշտը:

Մնացածը՝ ալկոհոլ, թմրանյութ օգտագործելը կամ ծխելը նույնպես բարոյականության հետ կապ չունեն: Վերջին երկուսը միանշանակ վնասակար են առողջության համար. ով դրան համաձայն է՝ իր ընտրությունն է: Չափի մեջ կարմիր գինի օգտագործելը, հակառակը՝ օգտակար է առողջության համար, բայց դա նույնպես ոչինչ չի ասում մարդու «բարոյական կերպարի» մասին:

Իսկ ընդհանրապես, «բարոյական ազգ», «տաղանդավոր ազգ», «աշխատասեր ազգ», «չարագործ ազգ», «երախտամոռ ազգ» բնորոշումները նույն արժեքն ունեն, որն ունի պնդումը, թե «այս կենդանակերպի նշանի տակ ծնվածներն օժտված են համբերատար եւ կայուն բնավորությամբ»: Ինչպե՞ս կարելի է նույն բանն ասել առնվազն կես միլիարդ մարդու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ