Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, մեր ստացած տեղեկությունների համաձայն, կադրային մեծ փոփոխություններ է սկսել բուժհաստատությունում:

Նշվում է, որ նա աշխատանքից ազատել է շուրջ 30 բուժաշխատողի, դրա փոխարեն ունի 4 գործավար, առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանի կնոջն ընդունել է որպես միջազգային հարցերով խորհրդական:

Նույն աղբյուրները նաեւ փոխանցում են, որ օրեր առաջ «Նուբարաշենում» մոռացել են հաց պատվիրել այնտեղ բուժվող մոտ 300 հիվանդի համար, ինչը նրանց տրվող սննդի էական մասն է կազմում:

Այս տեղեկությունները երկու օր շարունակ փորձում էինք ճշտել եւ դրանց վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Գագիկ Միրիջանյանից: Երկու օրն էլ տնօրենի ընդունարանից մեր հեռախոսազանգին պատասխանում էին, որ նա խորհրդակցության է: «Ձեզ մոտ շաբաթը յոթ օր խորհրդակցությո՞ւն է»,- հետաքրքրվեցինք: «Դե... հաճախակի են լինում»,- արձագանքեց տիկինը:

Նկատենք, որ Միրիջանյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում արմատական փոփոխություններ է սկսել` չնայած որ սահմանված կարգով դեռ չի անցկացվել թափուր պաշտոնի մրցույթ եւ ինքը չի հաղթել: Բայց դա ընդամենը ժամանակի հարց է: Ընդ որում նախատեսվում է, որ մի շարք հոգեբուժական հաստատություններ կօպտիմալացվեն-կմիավորվեն եւ նա կդառնա միավորված հոգեբուժական կենտրոնի ղեկավար:

Հավելենք, որ որոշ տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատված բուժաշխատողների փոխարեն Գագիկ Միրիջանյանը մտադիր է նոր կադրեր ընդունել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ