Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եթե որեւէ բան քանդում ես, պետք է իմանաս, թե ինչ ես տեղը դնելու: Դա վերաբերում է թե՛ մեծ եւ թե՛ փոքր գործերին: Խորհրդային համակարգը անարդյունավետ էր, կեղծ էր, հայտնվել էր խոր փոսի, փակուղու մեջ: Բայց երբ որոշում ընդունվեց այն «վերակառուցել», պատկերացում չկար, թե ինչ է տեղը հայտնվելու:

Խորհրդային վերնախավում «վերակառուցելու» գաղափարը հասունացել էր դեռեւս Անդրոպովի ժամանակ: Բայց ստալինյան այն կառույցը, որն Անդրոպովը երկար ժամանակ ղեկավարում էր, ունի իր «խաղի կանոնները», իր կաղապարները, որոնք թույլ չէին տալիս, որ ծնվեն իսկապես թարմ գաղափարներ, ձեւավորվեն իսկապես նոր մոտեցումներ: Եվ այն պահին, երբ Անդրոպովի մահից հետո նրա «պրոտեժեն» 1985 թվականին փորձեց այդ «վերակառուցումը» սկսել, նման ծրագրեր դարձյալ գոյություն չունեին:

Այսինքն՝ խնդիրն այն չէ, որ Գորբաչովն ամերիկյան լրտես էր (ժողովրդական ֆոլկլորը թողնենք ֆեյսբուքին), այլ այն, որ նա հստակ պատկերացում չուներ, թե ինչ է «վերակառուցման» արդյունքում ծնվելու: Արդյունքում՝ ստացանք ավերակներ, որոնց վրա Պուտինը փորձում է ինչ-որ նոր բան սարքել, բայց քանի որ նա էլ է նույն ստալինյան հիմնարկի ներկայացուցիչը, նա նույնպես հարցին մոտենում է ճիշտ նույն կաղապարներով:

Ինչ պետք է արվեր 1985 թվականին՝ ես չգիտեմ: Կարող եմ ասել՝ ինչ պետք չէր անել. պետք չէր շտապել՝ ունենալ երկրի հետագա զարգացման մանրակրկիտ ծրագիր, նոր միայն զգուշորեն եւ աստիճանաբար փոխել այն, ինչ պետք էր առաջին հերթին փոխել, հետո՝ երկրորդ հերթին, հետո՝ երրորդ եւ այլն: Հասկանում եմ, որ իմ այս պահպանողական մոտեցումը շատերին գուցե դուր չգա, բայց ցանկացած կտրուկ քայլ ցավ է պատճառում մարդկանց: Կարծում եմ՝ դա ակնհայտ է:

Նույնը՝ շատ ավելի մանր գործերում: «Ֆիրդուսի» շուկան, իհարկե, ճարտարապետական կոթող չէր, ոչ էլ մշակութային արժեք: Դա տգեղ, նեղ, փնթի «միջանցք» էր, որը գոյության իրավունք չունի մայրաքաղաքում, առավել եւս՝ դրա կենտրոնում: Առեւտրականները նախօրոք զգուշացված էին, որ «Ֆիրդուսնոցը» կապամոնտաժվի, ինչն անխուսափելի էր: Բայց նրանց առաջարկվեց գնալ այլ տոնավաճառներ, որտեղ տեղի վարձը ավելի բարձր է, քան «Ֆիրդուսնոցում»:

Ինձ թվում է՝ ապամոնտաժման քայլը կատարելուց առաջ պետք էր ստեղծել «սոցիալական ամորտիզատորներ», օրինակ՝ փոխհատուցել առեւտրականներին մեկ-երկու ամսվա եկամուտը (որը, կարծում եմ, չնչին է), որպեսզի մարդիկ կարողանան հարմարվել նոր պայմաններին: Բայց ամենակարեւորը՝ քանդելուց առաջ պետք էր որոշել, թե ինչ է տեղը լինելու, գտնել համապատասխան ներդրողին, կառուցապատողին եւ տեղեկացնել այդ ամենի մասին երեւանցիներին: Հակառակ դեպքում «Ֆիրդուսնոցի» ավերակները կմնան շաբաթներով, գուցե ամիսներրով: Ճիշտ այնպես, ինչպես առ այսօր մնում են Խորհրդային Միության ավերակները: Առաջին հերթին՝ մեր ուղեղներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ