Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի ամռանը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի մշակույթի տունը քաղաքի երեխաների համար ամառային ճամբար է կազմակերպել: Ֆինանսավորողները երկուսն են՝ քաղաքապետարանն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Ճամբարային հանգիստը  երկու փուլով է կազմակերպվելու: Առաջին փուլը եղել է հունիսի 26-ից հուլիսի 7-ը:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ առաջին փուլին մասնակցել է առավելագույնը 160 երեխա, սակայն ով եկել եւ ցանկություն է հայտնել մասնակցել ճամբարին, ասել են, որ այլեւս տեղ չկա: Երեխաների գրանցման փաստաթղթեում մինչդեռ նշվել է, որ ճամբարի առաջին փուլին մասնակցել է 200 երեխա:

Երկրորդ փուլը եղել է հուլիսի 10-ից հուլիսի 21-ը, սակայն տնօրենն աշխատակիցներին ասել է, որ վարձատրելու է ընդամենը մի փուլի համար: Երկրորդ փուլում ավելի քիչ են եղել երեխաները՝ 140 հոգի, բայց նույն աղբյուրի պնդմամբ՝ փաստաթղթերով կրկին 200 երեխա է ներառված եղել:

Մշակույթի տունը աշխատավարձերը փոխանցել է աշխատակիցների հաշիվներին, իսկ տնօրեն Աշոտ Գրիգորյանն ասել է, որ բոլորը 20 հազարական դրամներ պետք է տան կոլեկտիվի համար խնջույք կազմակերպելու համար: Մշակույթի տան աշխատողները դժգոհել են, որ իրենք խնջույքի փոխարեն իրենց աշխատավարձերն են ուզում ստանալ: Բացի այս, նաեւ չճշտված տեղեկություններ կան, որ երեխաների իրական թիվը պակաս լինելու պայմաներում տնօրենն աշխատակիցներից գումարային պահումներ է կատարել:

Armtimes.com-ին հասած տեղեկությունների իսկությունը փորձեցինք ստուգել՝ զրուցելով մշակույթի տան տնօրեն Աշոտ Գրիգորյանի հետ:

Պարոն Գրիգորյան, որքա՞ն գումար է փոխանցվել մշակույթի տանը ամառային ճամբարը կազմակերպելու համար:

Չգիտեմ, ես այդպիսի բաներ չեմ իմանում: Ես երեխաների հանգստով եմ զբաղվում, գումարն ի՞նչ կապ ունի ինձ հետ: Ինձ մատակարարում են, ես միջոցառում եմ անցկացնում: Ձեզ հիմա երեխաների հանգիստն է հետաքրքրո՞ւմ, թե՞ գումարը: Ֆինանսավորողից իմացեք: Ես փող չեմ ծախսել, որ իմանամ:

Դուք ձեր աշխատակիցներին վճարում եք չէ՞ կատարած աշխատանքի համար:

Դուք աուդիտ ե՞ք անում, որ նման հարցեր եք տալիս: Ես աշխատավարձ չեմ բաժանում, ես ընդամենը երեխաների հանգիստն եմ կազմակերպում:

Մենք տեղեկություն ունենք, որ դուք ոչ թե 200 երեխայի հանգիստ եք կազմակերպել, այլ ավելի պակաս:

Հարգելիս, ես գումարով չեմ զբաղվում, խնդրում եմ այդ հարցերը դիմեք քաղաքապետարան, կոմբինատին, ես ֆինանսներով չեմ զբաղվում, ընդամենը հանգիստն եմ կազմակերպում: Երեխաները մի օր գալիս են՝ 10-ն են բացակա լինում, մի օր՝ 20-ը: 

Երկրորդ փուլում ճամբարին քանի երեխա է մասնակցել:

Օր կա եղել է 160, օր կա 180, տարբեր քանակի երեխաներ են գալիս: Մի օր արեւը շատ է՝ բացակայում են: Այսօր վերջին համերգն է, կարող եք գալ եւ իմանալ, թե որքան երեխա կա:

Քանի՞սն են գրանցվել:

200 երեխա, երկու պատոկին էլ 200 երեխա է եղել: Ցանկություն ունեցողներն ավելի շատ են եղել:

Եթե դատախազությունը ստուգումներ անի, ու պարզվի չարաշահում է եղել…

Եթե գան ստուգեն ու չարաշահում լինի, բնականաբար՝ այս երեւույթը կվերանա, էլ ճամբար չի կազմակերպվի, ոչ մեկ չի ուզի: Հետեւանքն ուրիշ խնդիր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ