Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Միանգամից ասեմ, որ ես կողմ եմ ապստամբությանը, եւ ինքս ինձ ապստամբ եմ համարում: Պարզապես խնդիր է, թե ով, ինչի դեմ եւ ինչպես է ապստամբում: Երբ հնչում է՝ «ոտքի, դատարանն է գալիս», ես ինքնաբերաբար, կասեի նույնիսկ բնազդորեն ոտքի եմ կանգնում, ճիշտ այնպես, ինչպես այն դեպքում, երբ հնչում է իմ երկրի օրհներգը:

Անկախ այն հանգամանքից, որ այս պահին մեր դատարանն անկախ չէ, իսկ տվյալ դատավորը, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր մնացած պաշտոնյաները գուցեեւ սրիկա են եւ կաշառակեր: Դա Հայաստանի Հանրապետության դատարանն է, եւ ոտքի կանգնելն իմ արժանապատվության եւ, եթե ուզում եք՝ հպարտության հարցն է: Եվ դրանով ոչ մեկին չեմ լեգիտիմացնում, բացի ինձնից՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Քանի որ իմ համաքաղաքացիների եւ, առավել եւս, արտերկրում ապրող նախկին հայաստանցիների մեծ մասն այդպես չի մտածում, այդպես չի զգում, համարեք, որ դա իմ ըմբոստությունն է, ապստամբությունը՝ ընդդեմ համընդհանուր նիհիլիզմի եւ «բողոքականության»:

Ավելի «կենցաղային» խնդիրներում նույնն է: Կառավարությունը որոշել է տուգանել ծխախոտի մնացորդը փողոցում նետողներին 16 հազար դրամով: Չեմ պատկերացնում, թե ինչպես է դա արվելու՝ արդյոք ամեն մի ծխողի կողքին ոստիկան է կանգնելու եւ սպասելու՝ մինչեւ քաղաքացին ծխի-վերջացնի՞, եւ կախված նրանից, թե որտեղ է նա գցելու ծխախոտի մնացորդը, ըստ դրա տուգանի կամ չտուգանի: Բայց ինքնին գաղափարն, իհարկե, ողջունելի է:

Թրենդային «ժողովրդական» ռեակցիան այդ որոշմանը հետեւյալն է՝ «արա, էս խեղճ ժողովրդին մեռան կլպելով, խեղճ մարդկանց ի՞նչ աշխատավարձ եք տալիս, որ հըլը 16 հազար էլ տուգանում եք»: Ըմբոստանում են, ընդվզում են մարդիկ: Նման փնթի, «անթրաշ» մոտեցմանը հաճոյանալու համար աշխատում է նաեւ «քաղաքական» եւ «հրապարակախոսական» միտքը. «Ռեժիմը, կանգնելով բյուջեն լցնելու անլուծելի խնդրի առաջ, որպես վերջին միջոց որոշել է քաղաքացիներից գանձել հավելյալ 16 հազարական դրամ: Բաղրամյան 26-ի մեր հավաստի աղբյուրները նշում են, որ արդեն որոշվել է, թե ում գրպանն են գնալու այդ գումարները»:

Եվ ահա ես ըմբոստանում եմ այդ «ժողովրդական թրենդի» դեմ եւ ասում եմ՝ «պահպանեք մաքրությունը մեր քաղաքում»: Այսօրվա հասարակական հոգեբանության ֆոնի վրա շատ օրիգինալ կոչ է: Մարդկանց մեծ մասն ըմբոստանում է բռնությամբ, օրինախախտությամբ, պետության նկատմամբ արհամարհանքով, նույնիսկ՝ ատելությամբ, անշնորհքությամբ, փնթիությամբ, չարությամբ, տգիտությամբ, հապճեպ դատողություններով: Եկեք հենց ա՛յդ ամենի դեմ ընդվզենք օրինապաշտությամբ, բարությամբ եւ հանդարտությամբ: Ամեն մեկն իր ձեւով է ապստամբում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ