Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները լուրջ ներուժ ունեն: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններում խնդիրներ են առաջացել, որոնք, կարծես թե, մոտակա տարիներին չեն լուծվելու: Իրանին այլընտրանքային ճանապարհներ են պետք, եւ այս պարագայում հայկական ուղղությունը ռազմավարական է դառնում:

Թե որքանով է դա մեզ պետք՝ առանձնապես ապացուցելու խնդիր չկա: Եթե մեր երկրի տարածքում կառուցվի նորմալ թողունակությամբ գազատար, առավել եւս` երկաթուղի, դա էական նշանակություն կունենա մեր տնտեսության համար: Եթե Հայաստանում եւ, ինչու չէ, նաեւ Արցախում լինեն իրանական կապիտալով ձեռնարկություններ, դա կարեւոր դեր կխաղա նաեւ անվտանգության առումով: Ինչն է դրան խանգարում:

Շատերը վստահ են, որ խնդիրը ոչ թե գումարների բացակայությունն է, այլ Ռուսաստանի հակազդեցությունը: Թերեւս դա այդպես է: Բայց: Ասելիքս հենց այդ «բայց»-ից հետո է: Կա երկու ճանապարհ՝ կա՛մ կշտամբել Ռուսաստանին, նեղանալ այդ երկրի ղեկավարությունից, մեղադրել նրան, կա՛մ հասկանալ, թե որն է այդ երկրի շահը, եւ փորձել բանակցությունների միջոցով մոտեցնել, համադրել այդ շահը Հայաստանի եւ Իրանի շահերի հետ:

Մինչդեռ Ռուսաստանի վերաբերյալ լուրջ վերլուծությունների փոխարեն մենք հիմնականում կարդում ենք կա՛մ անկապ «քլնգոցներ», կամ էլ Պուտինի իմաստությունը փառաբանող ձոներ: Թվերի եւ փաստերի հետ գործ ունեցող վերլուծական միտք, որպես այդպիսին, չկա, կա «քլնգող» կամ «փառաբանող» միտք, որից ոչ մի օգուտ չկա՝ բացի Ռուսաստանը սիրողների կամ ատողների սիրտը հովացնելուց:

Նույնը՝ ցանկացած խնդրի դեպքում: Վերցնենք թեկուզ ամենացավոտը՝ արտագաղթը: «Վայ-վույ, սաղ գնացին, էլ մարդ չմնաց, պատճառն ապաշնորհ, ապօրինի իշխանություններն են». այդ՝ 25 տարվա ընթացքում չփոխվող հռետորաբանությունը միանգամայն տեղին է նախընտրական ժամանակահատվածում, բայց համապետական ընտրություններ մոտակա հինգ տարիներին կարծես թե չեն լինելու: Հիմա իրենց խոսքը պետք է ասեն «քարոզչական պարտավորություններից» ազատված վերլուծաբանները՝ քանի հոգի է գնացել, սոցիալական որ շերտերի, որտեղ են հիմա նրանք, ինչով են զբաղված, ինչ հնարավորություն կա նրանց վերադարձնելու: Ինչպես կարելի է կազմակերպել ավանդական Սփյուռքի ներկայացուցիչների հայրենադարձությունը:

Ընդհանրապես, ինձ թվում է, Հայաստանին պետք է ոչ թե Սփյուռքի նախարարություն, որն անցկացնում է բազմաթիվ լավ կամ վատ միջոցառումներ սփյուռքահայերի համար, այլ Ներգաղթի եւ հայրենադարձության նախարարություն, որը կզբաղվի կոնկրետ խնդիրների վերլուծությամբ, եւ որի արդյունավետությունը կչափվի դրանց լուծմամբ:

Խորհրդային Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանը հայրենիք գալու կոչ էր անում դրսում ապրող հայերին եւ չէր կարող նրանց համար ապահովել ոչ արդարություն, ոչ ժողովրդավարական կարգեր, ոչ էլ առավել եւս՝ բարեկեցիկ կյանք: Բայց ինչ-որ բան կար, որը մարդկանց բերում էր Հայաստան: Մյասնիկյանի հեռատեսությունը, կարծում եմ, նաեւ այն էր, որ նա հասկանում էր՝ պետք է հրավիրել նախեւառաջ մտավորականներին: Իսկ թե ինչու էր (եւ՝ է) հատկապես դա՛ կարեւոր՝ այդ մասին՝ մեկ ուրիշ անգամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ