Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երբ Երեւանի փողոցներում ինձ մարդիկ են մոտենում եւ խոսում են «գյուլլելուց եւ վառելուց», դա ինձ համար անընդունելի է՝ ոչ միայն այն պատճառով, որ ես դեմ եմ նման մեթոդների, այլ նաեւ այն պատճառով, որ այդ մարդիկ, կարծես թե, սպասում են, թե ես նրանց տեղը պիտի դա անեմ:

Երբ «Սասնա ծռերը» կամ որեւէ այլ նման զինված խումբ «գյուլլում է եւ վառում», դա դարձյալ ինձ համար անընդունելի է, բայց ես այստեղ գոնե ինչ-որ հետեւողականություն եմ նկատում՝ մարդիկ ասում են եւ անում են, որովհետեւ ազգի փրկությունը «գյուլլելու եւ վառելու» մեջ են տեսնում: Բայց երբ հեռավոր «գլենդելներում», արմավենու տակ նստած մեր նախկին համաքաղաքացիները սկսում են համացանցով «արժեքավոր խորհուրդներ» տալ, թե ինչպես պետք է մենք այստեղ՝ Հայաստանում «վառենք եւ գյուլլենք», կամ ինչպես պետք է հայկական բանակը գրավի Բարդան, Եվլախը, Նախիջեւանը եւ Բաքուն, դա արդեն զավեշտ է:

Բնականաբար, ոչ մեկի դատավորը չեմ՝ ով որտեղ եւ ինչպես ուզում՝ ապրում է, նրա անձնական գործն է: Մի 2-3 հայ կա, որ գերադասում է ապրել Բաքվում՝ խնդիր չեմ տեսնում: Հասկանում եմ նաեւ հայրենիքից հեռու ապրող հայրենակիցների մտահոգությունները, երբ դրանք զուսպ եւ կոռեկտ են ձեւակերպված: Ես չեմ հասկանում հետեւյալ ոճը. «Դուք ըտեղ սաղդ ստրուկ եք, որ չեք կարում մի հատ էս իշխանություններին սատկցնեք»: Մարդիկ, որոնք գտնվում են ամեն տեսակի վտանգներից 11,5 հազար կիլոմետր հեռավորության վրա, վիրտուալ ձեւով ինքնահաստատվում են՝ կոչ անելով այստեղ արյուն թափել:

Բնականաբար, առաջարկ է ծնվում՝ եկեք եւ թափեք: Եթե ձեզ դրա համար ազատազրկեն, հավատացնում եմ, այստեղ կգտնվեն իրավապաշտպաններ, որոնք ձեզ քաղբանտարկյալ կհամարեն: Այնպես որ, հերոսի պսակն ու փառքն ապահովված են:

Ես չեմ կարծում, որ, ասենք, Կալիֆոռնիայում ապրող նախկին հայաստանցիների մեծ մասը Հայաստանում արյուն թափելու կողմնակից է: Պարզապես կողմնակիցները շատ ակտիվ են եւ ագրեսիվ, իսկ ադեկվատ մարդիկ չեն համարձակվում նրանց հակադարձել: Հայաստանում նույնն է. ես, օրինակ, շատ լավ գիտեմ, որ նման հոդվածներից հետո «գյուլլելու եւ վառելու» ջատագովները «վրա են տալիս»: Բայց ինձ չի թվում, որ «ամբողջ ժողովուրդն» է այդպես մտածոմ: …Քանի որ այնտեղից՝ մեզ ուղղված հազարավոր խորհուրդներ են հնչում, ես էլ իմ կողմից մի խորհուրդ տամ: Փորձեք Գլենդելում զենքով գրավել որեւէ ոստիկանական բաժին, եւ տեսեք, թե ինչ են ձեզ հետ անելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ