Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան Շրջանայինի հատվածում ողբերգական վթար էր տեղի ունեցել, բեռնատարի վարորդը մահացել էր: Բեռնատարը սննդամթերք էր տեղափոխում, որի պարկերը հայտնվել էին գետնին:

Lragir.am-ը նկատել էր եւ տեսագրել, որ մի կին վերցրել ու տանում էր պարկերից մեկը, ասելով՝ «մեկ ա, սաղ տանում են»: Մեկնաբանություններ՝ «էս ո՞ւր են հասցրել խեղճ ժողովրդին», «բա մարդիկ մի պարկ մակարոնի են կարոտ», «իշխանավորները վատ օրինակ են ծառայում՝ նրանք գողանում են, ժողովուրդն էլ է գողանում»:

Անդրադառնանք այդ «հոգոցներին» հերթականությամբ: 1988-ի երկրաշարժի ժամանակ, երբ վիշտն ու ողբերգությունը հազարապատիկ ավելի մեծ էին, մարդիկ` Խորհրդային Հայաստանի բնակիչները, դիակապտությամբ չէի՞ն զբաղվում, չէի՞ն մտնում ավերված տները եւ տանում այն, ինչ արժեքավոր էին համարում: Ի՞նչ է` այդ մարդիկ սովա՞ծ էին: Կամ 2005 թվականին, երբ «Քեթրին» մրրիկը ավերել էր Նոր Օռլեանը, չկայի՞ն ավազակախմբեր, որոնք նույնն էին անում: Թե՞ ամերիկացիներն էլ են «մի կտոր հացի կարոտ» կամ, ավազակությամբ զբաղվելով, իրենց յուրահատուկ բողոքն էին արտահայտում Ջորջ Բուշ կրտսերի քաղաքականության դեմ:

Գուցե ավազակները մտնում էին լքված բնակելի շենքերը, խանութներն ու հիվանդանոցներն այն պատճառով, որ Բուշի վարչակազմը նրանց վատ օրինա՞կ էր ծառայում:

Այնպես որ, հասարակության բարոյականության մակարդակը պայմանավորված չէ նյութական վիճակով, «ռեժիմով», իշխանություններով եւ մնացած բաներով: Հայաստանում կան հազարավոր, իսկ աշխարհում՝ միլիոնավոր մարդիկ, որոնք տասնյակ, հարյուրավոր անգամներ ավելի վատ են ապրում, քան մակարոնի պարկ տանող կինը, բայց իրենց արժանապատվությունից ցածր են համարում գետնից մի փշուր վերցնել եւ գրպանը դնել:

Կարելի է ապրել խրճիթում ու լինել կայացած ու երջանիկ, կարելի է նաեւ ապրել երեքհարկանի առանձնատանը եւ նախանձել դիմացի չորսհարկանի առանձնատուն ունեցող հարեւանին՝ արդարացնելով սեփական հանցագործությունները դիմացինի ավելի մեծ հանցագործություններով:

Մարդիկ ամեն տեղ գրեթե նույնն են՝ ամեն տեղ կան արժանապատիվ, պարկեշտ մարդիկ, կան նաեւ դիակապտությամբ զբաղվողներ: Ասում եմ՝ «գրեթե», որովհետեւ ենթադրում եմ, որ Ճապոնիայում, օրինակ, աղետի ժամանակ մարդիկ իրենց այնպես չեն դրսեւորում, ինչպես Հայաստանում կամ ԱՄՆ-ում (գուցե սխալվում եմ):

Բայց հասարակություններն ունեն, այնուամենայնիվ, իրենց առանձնահատկությունները: Մեր հասարակությունը սիրում է, այսպես ասած, «գլխին մոխիր» լցնել եւ ամեն մի տգեղ արարք բացատրել «ռեժիմով», իշխանություններով, աշխարհագրական դիրքով եւ հայ ժողովրդի դժբախտ ճակատագրով: Ամերիկացիները դժվար թե այդքան «խորանան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ