Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երբ տաքսիստը կամ պատահական անցորդը սկսում են բողոքել կյանքից հայտնի արտահայտություններով եւ սեփական «խեղճությունն» ի ցույց դնելով, ո՞րը պետք է լինի ձեր արձագանքը: Զրուցակցին դուր գալու համար դուք պետք է նույն երգը երգեք` «վայ, կերան էս խեղճ ժողովրդին» եւ այլն, եւ այդ դեպքում դուք իրար «ջան» կասեք, «ջան» կլսեք, գումարած դրան` ձեր զրուցակցի աչքերում կերեւաք որպես «ժողովրդի դարդուցավով տառապող մարդ»:

Որեւէ ձեւով հակադրվել այդ նվնվոցներին, մարդկանց մեջ փորձել ինքնասիրություն եւ արժանապատվություն արթնացնել, նշանակում է՝ դուրս գալ հարմարավետության գոտուց, այլեւս այդքան քաղցր եւ ընդունելի չլինել, կորցնել «ժողովրդական մարդու» համբավը:

Արդյոք մենք մշտապես մեր մեջ ուժ ենք գտնում հակառակ գնալ հոսանքին, չհաճոյանալ, չհարմարվել: Սովորաբար հարմարվողականության մասին խոսելիս նկատի ունեն իշխանության ստեղծած համակարգին չհակադրվելը: Նման բան էլ կա: Բայց ոչ տոտալիտար ռեժիմների ժամանակ էապես ավելի բարդ է հակադրվել հասարակական հիմնական հոսանքին: Դրա համար երբեմն ավելի մեծ խիզախություն է պահանջվում, քան պետք էր խորհրդային շրջանում «այլախոհությամբ զբաղվելու» համար:

Բերեմ մեկ այլ օրինակ այսօր հնչեղ թեմայով: Ենթադրենք, ձեր ընկերը կամ ծանոթը պատմում է իր ընտանիքում ծագած խնդիրների մասին եւ ներկայացնում է այդ խնդրի լուծման եղանակը՝ «էն օրը բռնի` կնգաս քացու տակ քցեցի»: Եթե դուք ոչ մի հոգեկան պաթոլոգիա չունեք, դուք պետք է որ ասեք, որ խնդիր լուծելու այդ ձեւը ձեզ դուր չի գալիս: Բայց արդյոք դուք դա կասե՞ք ձեր ընկերոջը: Թե՞ կլռեք: Կամ ավելի վատ՝ կեղծավորություն կանեք ու կասեք. «Հա, ախպեր, ճիշտ ես արել, էս կնանոց գյամերը մեկ-մեկ պետք է քաշել, որ գլխիդ չնստեն: Թե չէ կմտածի, որ ղզիկ ես»:

Այդ դեպքում ձեր ընկերը կհասկանա, որ դուք էլ եք «տղա», ինչպես «հայու գենի» եւ «ավանդական հայ ընտանիքի» ներկայացուցիչ: Գուցե ձեր զրուցակիցն այնքան տաքանա ձեր նկատմամբ՝ «հասկացողության համար», որ կհրավիրի «մի կտոր հաց» ուտելու: Ձեր ընտրությունն է՝ «անուշ ընկեր» լինել «լավ տղու» համա՞ր, թե՞ «ղզիկ»:

Վերջին օրինակը: Ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը հայհոյում է մեկ այլ ավագանու անդամի, ընդ որում՝ կնոջ: Բայց նրա կողքը նստած են ավագանու այլ անդամներ՝ Իգիթյանի խմբակցությունից: Նրանցից ոչ մեկի մեջ ցանկություն չառաջացա՞վ սաստել գործընկերոջը: Նրա կողքը նստած էին նաեւ կանայք՝ նրանց մեջ ցասում չառաջացրե՞ց կնոջ հանդեպ նման վերաբերմունքը: Գուցե եւ առաջացրեց, բայց նրանք խիզախություն չունեցան հակադրվելու գործընկերոջը: Հավանաբար, ոմանց համար կուսակցական համերաշխությունն ավելի կարեւոր է, քան մարդկային արժեքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ