Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Անցած շաբաթ հարձակում է տեղի ունեցել «Դիլիջան» ազգային պարկի պահակակետերից մեկի վրա: Հարձակվողները ծեծել են պահակներին եւ այրել են պահակակետը: Ինչպես եւ ցանկացած այս կամ այն չափով հնչեղություն ունեցող հանցագործության դեպքում, այստեղ նույնպես արդարացնողներ եղան՝ «ուրիշ ելք չունեին», «ռեժիմն է ստիպել», «բա ի՞նչ անեն խեղճ մարդիկ» եւ այլն:

Այնինչ պարզ է, որ իրենց տները տաքացնող սովորական գյուղացիները Դիլիջանում խնդիր չունեն՝ անտառում գետնին լիքը փայտ կա: Հարձակումը գործել էին մարդիկ, որոնք ցանկանում են ծառեր կտրել վաճառքի համար, եւ նրանց դա հիմա չի թույլատրվում:

Այժմ «փայտի մաֆիան» միտինգներ եւ հարձակումներ է կազմակերպում՝ սրտաճմլիկ կարգախոսներով: Բայց այդ պոպուլիզմին մեծ մասամբ հավատում են, որովհետեւ չեն հավատում իշխանություններին: Հայաստանում դա իսկապես խնդիր է՝ ոչ միայն այս, այլեւ բոլոր, այդ թվում՝ կոմունիստական իշխանությունների պարագայում:

Հիշո՞ւմ եք՝ «լավ եմ անում, լույս եմ գողանում (2 կոպեկանո՛ց-Ա. Ա.), բա որ նրանք իրենց Ցեկաներում…»: Պարզապես այն ժամանակ ֆեյսբուք չկար, իսկ տաքսիստները խոսում էին հիմնականում ֆուտբոլից եւ Զեյնաբ Խանլարովայի համերգներից:

Հանցագործությունները արդարացվում էին տանը՝ խոհանոցային խոսակցությունների ժամանակ: Հիմա ամեն ինչ «ազատ է», եւ արդարացվում են ոչ միայն հանցագործությունները (եթե դրանց մեջ «հակաիշխանական» տարր կա), այլեւ ցանկացած հակասոցիալական դրսեւորում:

Պատկերացրեք, որ Հայաստանում որեւէ իշխանավոր ասի՝ «ուտելուց առաջ ցանկալի է ձեռքերը լվանալ»: Պատկերացնում եք, չէ՞, ինչ է տեղի ունենալու: Ի՞նչ արձագանք են տալու տաքսիստներն ու ֆեյսբուքիստները: «Արա, էս ինչ են ուզում էս խեղճ ժողովրդից, մի հատ թեթեւ հնարավորություն ունեինք՝ կեղտոտ ձեռքերով հաց ուտեինք, դրանից էլ են ուզում մեզ զրկեն», «Բա հայ մարդուն հարի՞ր է ուտելուց առաջ ձեռքերը լվալ», «Էդ սաղ Սվիտալսկին է ասում, որ մենք մեր ազգային դիմագիծը կորցնենք», «Դուք հըլը մտածեք էս մարդկանց նորմալ աշխատավարձ տալու մասին, հետո ձեռքերը լվալ պահանջեք», «Մարդիկ հացի փող չունեն, ի՞նչ մաքուր ձեռքեր», «Հաստատ կառավարությունից մեկը սապոնի ցեխ ա դրել, ուզում ա փող աշխատի» եւ այլն:

Ենթադրում եմ, որ սոցիոպատիայի նման դրսեւորումներ ունեն ոչ միայն հայաստանցիները՝ դա համամարդկային երեւույթ է: Պարզապես մեր քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, հոգեւորականները, լրագրողները, բլոգերները հիմնականում նպաստում են, խրախուսում են այդ մտածողությունը՝ դրա կրողներին դուր գալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ