Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մենք` հայերս, սիրում ենք պայմանական ժամանակը: Սպորտային մեկնաբաններն ասում են՝ եթե հարվածը մի փոքր ավելի ուժեղ լիներ եւ մի փոքր ավելի ձախ, ապա մրցակից թիմի դարպասապահն անզոր կլիներ: Գոլի հնարավորությունն արդեն բաց է թողած, բայց մեկնաբանը շարունակում է մեզ, այսպես ասած, «մղկտացնել»՝ «ախ, ինչ հնարավորություն էր, եթե մեր ֆուտբոլիստներն օգտագործեին այդ հնարավորությունը, ապա հաշիվը կլիներ»… եւ այլն:

Վարորդը, թեքվելով աջ եւ անցնելով այդ ճանապարհով մի քանի կիլոմետր, ճանապարհի ողջ ընթացքում մտքերի մեջ է՝ «չէ, ես պիտի ձախ թեքվեի, եթե ձախ թեքվեի, ապա…»: Քաղաքական կյանքում նույնն է՝ «եթե 1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանությունը զիջեր Վազգեն Մանուկյանին, ապա…»: Մենք չենք կարող էմպիրիկ ճանապարհով ստուգել, թե ինչ կլիներ՝ գուցե ավելի վատ կլիներ:

Չնայած ինձ թվում է, որ պարտվելու դեպքում իշխանությունը պետք է փոխանցել ընդդիմախոսիդ, բայց ես հեռու եմ «եթե»-ներից: Իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանը բազմաթիվ հետաքրքիր հրապարակումներ է արել Առաջին հանրապետության մասին, որոնցից պարզ է դառնում, որ այդ հանրապետության լիդերները ունեցել են բազմաթիվ մոլորություններ, գործել են բազմաթիվ սխալներ, անգամ մեղքեր՝ ղեկավարվելով նաեւ անձնական ամբիցիաներով: Թե որքանով են ամբողջական այդ հետաքրքիր փաստաթղթերը, չեմ կարող դատել՝ մասնագետ չեմ: Բայց տվյալ դեպքերում կարեւոր է մեկ այլ հանգամանք. այդ հրապարակումներում չկա հակագիտական, հակապատմական եւ կասեի անգամ՝ հակալրագրողական պայմանական ժամանակը:

Ասենք՝ եթե այս կամ այն լիդերը վարվեր այլ կերպ, ապա մենք հիմա կունենայինք ոչ թե 29 հազար, այլ 56 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Ի դեպ, դա մեր հայրենակիցների սիրած թեմաներից մեկն է՝ «վախ, ինչքան մենք ունեինք եւ ինչքան ենք կորցրել այսինչի կամ այնինչի պատճառով»: Վերքերը քչփորելու ամենահայտնի ձեւերից մեկն է: Մինչդեռ խնդիրը, իմ կարծիքով, տարածքի չափերը չեն, այլ ցանկացած տարածքում արժանապատվորեն ապրելը:

Փորձը նմանատիպ իրավիճակներում նույն սխալները չանելու մեջ է, ոչ թե արդեն արված սխալների, արդեն թափված ջրի, արդեն գնացած գնացքի մասին «վայ-վույ» անելը: Բերեմ կոնկրետ օրինակ. ամերիկացի մեր եղբայրները հսկայական միջոցներ եւ ժամանակ են ծախսում, որպեսզի ԱՄՆ այս կամ այն նահանգը պաշտոնական հայտարարություն անի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հպարտությամբ ասում ենք՝ «48-րդ նահանգը ճանաչել է ցեղասպանությունը»: Եվս միլիոնավոր դոլարներ, եւս մի քանի տարի կծախսվի 49-րդ եւ 50-րդ նահանգի վրա: Եվ հընթացս դատողություններ կարվեն, թե ինչու ԱՄՆ նախագահը չարտասանեց «ցեղասպանություն» բառը:

Այ, եթե արտասաներ… Բայց ի՞նչ կլիներ, եթե արտասաներ, եւ, ի դեպ, մի անգամ մեկն արտասանել է: Դարձյալ հնարավոր չէ ստուգել, թե ինչ կլիներ: Ապրել «եթե»-ներով, նշանակում է գլուխը շրջել 180 աստիճանով: Հետ նայելով՝ առաջ գնալ հնարավոր չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ