Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանի բնակչության մեծ մասը ոչ մի բանի չի հավատում՝ ոչ լայն՝ փիլիսոփայական իմաստով, ոչ էլ մանր՝ կենցաղային մակարդակում: Օրինակ՝ երբ մեր ֆուտբոլի հավաքականը պարտվում է, ասում են՝ «խաղը ծախել են», երբ հաղթում է, ասում են՝ «խաղը առել են»:

Երբ Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում ի վնաս ընդդիմության, ասվում է՝ «դե պարզ է, իշխանության խամաճիկներն են, ինչպես Բաղրամյան 26-ից հրահանգեն, այդպես էլ կանեն»: Երբ նույն դատարանը որոշում է ընդունում ի նպաստ ընդդիմության, եզրակացությունը հետեւյալն է՝ «ամեն ինչ խոսացած է, պայմանավորվել են, որ այս մի հարցում ընդդիմությանը զիջեն»:

Եթե ընդդիմադիրը դառնում է Ազգային ժողովի պատգամավոր, նրան նույն պահին հռչակում են «իշխանության պրոյեկտ», երբ չի դառնում, ասում են՝ «էդքան դուխ չունեցավ, որ պայքարի մեջ մտնի»:

Համընդհանուր «անհավատության» պայմաններում կարելի է մարդկանց «կերցնել» ցանկացած հեքիաթ՝ միայն թե այն համապատասխանի սահմանափակ, քաղքենիական մտածելակերպին՝ «դիփունքս էլ խաբում ինք ու խաբվում ինք»:

Երիտասարդները պայքարում էին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու դեմ՝ ամեն ինչ կազմակերպված է «վերեւներից»՝ ուշադրություն շեղելու համար: Բանավեճ է ծավալվում է ընտանեկան բռնությունը կանխարգելող օրինագծի շուրջ՝ կեղծ օրակարգ է, դիտմամբ են մարդկանց ուշադրությունը սեւեռում այս երկրորդական խնդրի վրա: Ի դեպ, սպասվում է նոր ալիք՝ այս անգամ աղջիկներին պատվաստելու դեմ, քանի որ պատվաստումները նույնպես, պետք է ենթադրել, ուղղակիորեն հարվածում են «հայու գենին», եւ դրա մասին էլ կասվի, որ դա հատուկ ներմուծված խնդիր է, որի մասին խոսվում է ամենակարեւոր խնդիրները կոծկելու նպատակով:

Ուսանողները պայքարում են տարկետման իրավունքը պահպանելու համար՝ դարձյալ «թրոլինգ» է՝ իրականում իշխանությունն ուզում է Ղարաբաղը տա թուրքերին, եւ դա «աննկատ» դարձնելու համար ուրիշ թեմաներ է բարձրացնում: Այս պարագայում կարեւոր չէ՝ ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ այս բանավեճերում, կարեւոր է «դավադրության տեսության» յուրահատուկ, հայկական տարատեսակը, ըստ որի՝ բոլորը խաբեբա են, երեսպաշտ են, փարիսեցի են՝ բոլորը, բացի այն անձից, որն այդպես է մտածում:

Բայց եթե ամեն ինչը երկրորդական է եւ անկարեւոր, ապա ի՞նչն է կարեւոր՝ որ երկիրը կործանվում է եւ անհրաժեշտ է անհապաղ իշխանափոխությո՞ւն: Բայց 25 տարում մարդկանց ականջներն արդեն մաշվել են այդ դատարկ բանաձեւերը լսելով: Դրանցով հնարավոր չէ հասարակական ուշադրությունը գրավել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ